Երևանի թաղապետերը մեկը մյուսի հետևից շարունակում են հանրության դատին ներկայացնել իրենց ֆինանսական հայտարարագրերը: Սակայն, դրանց մի քանիսի ուսումնասիրությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Բանն այն է, որ թաղապետերից շատերի կենսագրությանը մենք նույնիսկ ծանոթ չենք, սակայն հայտարարագրերը հուշում են, որ վերջիններս հասցրել են պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բավական կլորիկ գումարներ հետ գցել:
 
Օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, որը հմտորեն թաքցնում է իր կենսագրության էջերը, վերջապես ներկայացրել է գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը: Այսպես, պարզվում է, որ երիտասարդ թաղապետն ունի 2 բնակարան, 2 «Honda Civic 1.8» եւ «Nissan TIIDA» մակնիշի ավտոմեքենա: Սա դեռ ամենը չէ. նա հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր, հնաոճ իրեր, իսկ դրամական միջոցը կազմում է 14.5 մլն դրամ: Որպես եկամուտ, Դավիթ Կարապետյանը հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած 17.6 մլն դրամ գումարը: Խոսքը, հավանաբար, «շաուրմայանոցի» մասին է, որը նա աշխատեցրել է մինչեւ թաղապետ նշանակվելը:
 
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Արամ Դանիելյանն այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 26-ին: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնատար անձի արժեթղթերը եւ այլ ներդրումները ենթաբաժնում հայտարարագրել է 74400 ՀՀ դրամ բաժնետոմս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Դանիելյանի հանձնած փոխառությունները կազմել են 3000000 ՀՀ դրամ եւ 16000000 ՀՀ դրամ, իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 22 000 000 ՀՀ դրամ, 17 000 ԱՄՆ դոլար, 1 800 000 ռուսական ռուբլի եւ 4000 եվրո: 2018թ. հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 3 105 645 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
 
Ուշագրավ է նաև Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանի հայտարարագիրը: Մասնավորապես, վերջինս հայտարարագրել է 4,700,000.00 ՀՀ դրամ, 24,700.00 եվրո, 550,000.00 ռուբլի և 3,500.00 ԱՄՆ դոլարի դրամական միջոց: Բացի այդ, Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 25,000.00 եվրո, Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ 450,000.00 ռուբլի և 440,000.00 ՀՀ դրամ:
 
Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի հայտարարագրում որպես Մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց նշված է NISSAN ALTIMA 2.5 S ավտոմեքենան: Դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 11,000,000.00 ՀՀ դրամ:
 
Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հայտարարագրում որպես դրամական միջոցներ նշված է 1,050,000.00 ՀՀ դրամ և 25,000.00 ԱՄՆ դոլար: Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 3,608,555.00 ՀՀ դրամ:
 
Նախկինում շատ էր քննադատվում օրինակ՝ Տարոն Մարգարյանի` 10 միլիոն դոլարանոց հայտարարագիրը: Իհարկե նոր իշխանությունները, ի դեմս համայնքների նոր ղեկավարների, դեռևս հեռու են նման ճոխություններից, սակայն, ինչպես երևում է, հստակ գնում են դեպի Տարոն Մարգարյանի ռեկորդի հատում…