ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի Բոսթոն այցելության առաջին կանգառը եղել է Armenian heritage park-ը: Ապրիլի  4-ին Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի, «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, շերիֆ Փիթեր Քյուրքչյանի, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Արա Նազարյանի, Սինտիա Ղազարյանի և Բոսթոնի հայ համայնքի այլ հարգարժան ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղիկներ է դրել հուշարձանին և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան, որտեղ հանդիպում է ունեցել Բոսթոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նա շեշտել է, որ այցի առաջին իսկ վայրկյանից առանձնահատուկ կապ ու ջերմություն է զգացել:

Ապրիլի 5-ին Աննա Հակոբյանն այցելել է Բոսթոնի Սուրբ Ստեփանոս հայկական տարրական դպրոց: Դպրոցի տնօրեն Հուրի Բոյամյանի ուղեկցությամբ վարչապետի տիկինը շրջել է կրթօջախով, շփվել դպրոցի սաների, նրանց ուսուցիչների և ծնողների հետ: Կրթօջախի սաներին նա խորհուրդ է տվել լավ սովորել հայոց լեզուն:

«Սիրե´ք ձեր լեզուն, խոսե´ք հայերեն, կրթվե´ք հայերեն լեզվով և անպայման կապը ձեր հայրենիքի հետ ամուր պահեք: Եվ շատ ավելի լավ կլինի, որ ձեր ապագան տեսնեք Հայաստանում: Ես հույս ունեմ, որ ծնողները դեմ չեն իմ այս խորհրդին, որովհետև աշխարհում շատ տեղերում կարող է լավ լինել, սակայն ամենալավ կյանքը, ամենաջերմ արևն ու ամենահամեղ ջուրը հայրենիքում է»,- շեշտել է Աննա Հակոբյանը: Դպրոցի աշակերտներից մեկը խնդրել է նրան պատմել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի մասին: Աննա Հակոբյանը նշել է, որ հիմնադրամը օգնում է քաղցկեղով հիվանդ մանուկներին, որպեսզի նրանք կարողանան ավելի շուտ ապաքինվել, վերադառնալ դպրոց, լավ սովորել ու հայրենիքի համար լավ մարդ դառնալ: Մեկ այլ աշակերտի հարցին, թե ի˚նչ ձևով կարող է օգնել երեխաներին, Աննա Հակոբյանը շեշտել է, որ կարող են քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնել նրանց հետ շփվելով, խաղալով, ընկերանալով ու միասին ուրախ ժամանակ անցկացնելով: Աննա Հակոբյանը խոստացել է, որ երբ դպրոցի աշակերտները ամառային արձակուրդներին գան Երևան, ապա անպայման հանդիպում կկազմակերպի նրանց ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի երեխաների հետ:  

Բոսթոնում Աննա Հակոբյանը հյուրընկալվել է նաև Րաֆֆի և Նինա Ֆեստկջյաններին: Հանդիպմանը, որին մասնակցել են Բոսթոնի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետի տիկինը շեշտել է, որ սփյուռքի համայնքները Հայաստանի հարստությունն են և շատ խնդիրներ, դժվարություններ չէին հաղթահարվի, եթե սփյուռքը չլիներ: «Հայաստանն ու սփյուռքը տարբեր բաներ չեն, նրանք մեկ ամբողջություն են: Դա ամեն անգամ զգում եմ յուրաքանչյուր սփյուռքահայի օջախում հայտնվելուց: Մենք միշտ ընկալում ենք սփյուռքը, որ պետք է Հայաստանին օգնի մարտահրավերները, դժվարությունները հաղթահարելու համար: Ուզում եմ ասել, որ եկել է այն պահը, երբ մենք պետք է միավորվենք ոչ թե դժվարությունները հաղթահարելու, այլ մեր երկրի զարգացման համար»,- ասել է Աննա Հակոբյանը:

Բոսթոն այցելության ընթացքում Աննա Հակոբյանն այցելել է նաև «Հայրենիք» արխիվ: