Հեղափոխությունը կասեցրեց ազատագրված տարածքների կորստի ընթացքը։ Այսօր ԵԿՄ 12-րդ համագումարին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը՝ պարզաբանելով իր նախկին այն տեսակետը, թե հեղափոխությունը ավելի կարևոր է քան Արցախյան պատերազմը․ «Հեղափոխությունը նախ և առաջ քաղաքացուն վերադարձրեց երկրի տերը լինելու զգացումը և կասեցրեց հայրենիքի հայաթափման, ազատագրված տարածքների հեկտար-հեկտար կորստի և որպես այդ ամենի անխուսափելի հետեւանք դեպի անկախ պետականության կորուստ տանող կործանարար ընթացքը։ Ահա թե ինչու ես պակաս կարևոր չեմ համարում հայ ժողովրդի այս հաղթանակը, որովհետև համոզված եմ, որ հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի էին լինելու»,- ասաց նա։

Անդևադառնալով՝ Ապրիլյան պատերազմին Միքայելյանը նշեց․

«Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ամեն ինչ դեռ կորած չէ, որ մենք հարկ եղած դեպքում ի վիճակի ենք բռունցքվել և մեր հավաքական կամքը թելադրելու թշնամուն, ինչը նաեւ նոր հույս արթնացրեց մեր ժողովրդի մեջ, որ կարելի է եւ պետք է փոխել ստեղծված իրավիճակը։ Եվ ահա 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել նոր Հայաստան ունենալու գաղափարի շուրջ և իրականացրեց նախադեպը չունեցող թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, ինչը նոր հնարավորություն է բացում մեր համազգային նպատակների իրականացման ամենակարեւոր նախապայման հանդիսացող համազգային համախմբման համար»։