Իրենք իրար մեջ էլ չեն որոշել, ի վերջո, ինչ են կարծում Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելու հարցով: Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությունը, թե Քոչարյանի ազատության մեջ գտնվելը կարող է խոչընդոտել գործի քննությանը, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Ինձ հետաքրքիր է՝ քանի կարծիք կարող է ունենալ մի պետական մարմին: Օրինակ՝ այսօր քննիչն այստեղ է և պնդելու է, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, ոչ միայն կարող է խոչընդոտել քննությանը, այլև պնդում են, որ կարող է նաև թաքնվել քննությունից: Սասուն Խաչատրյանը հայտարարություն է անում ու նշում, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, ու ոչինչ չի ասում իրենց այն պնդման մասին, որ պարոն Քոչարյանը, իբր, կարող է թաքնվել քննությունից»,- ասաց փաստաբանը:
Ըստ պաշտպանի՝ իրականությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, ոչ միայն չի խոչընդոտի քննությանը, այլև չի թաքնվի քննությունից:
«Պարոն Քոչարյանն օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը մնացել է ազատության մեջ և չի կատարել որևէ գործողություն, որից հնարավոր լիներ ենթադրել, որ ինքը մտադրություն ունի գործի քննությանը խոչընդոտել կամ թաքնվել քննությունից: Այդ ամեն ինչն ասվում է հանրության մոտ ուղղակի տպավորություն ստեղծելու համար: Իրականում իրենք իրենց մեջ չեն համարում, որ պարոն Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը: Այդ ամենը կատարվում է հասրակությանը մոլորության մեջ պահելու համար»,- ասաց Հայկ Ալումյանը:
Դիտարկմանը, որ ժողովրդի մեծ մասը կողմ է, որ Քոչարյանը մնա կալանքի տակ, Ալումյանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանի կալանքի տակ մնալ կամ չմնալը չպետք է պայմանավորված լինի նրանով, թե ինչ է ժողովուրդը մտածում այդ մասին»: