«Հրապարակ» թերթը գրում է.
«Դուք Ձեր մի արտահայտությամբ աղմուկ առաջացրիք` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի մամլո խոսնակի` ՀՀԿ-ական լինելու հետ կապված, ինչպես ընդունված է հիմա ասել` «նա նույնպես մարդ է, չէ՞», չե՞ք վերանայել Ձեր մոտեցումը՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանին։ «Տեսեք` ինձ համար արժեքային խնդիրը շատ հստակ է. կուսակցական, կոնկրետ դեպքում՝ մամլո խոսնակի ՀՀԿ-ական լինելը, այդ գաղափարախոսությունը կիսելը չի կարող չանդրադառնալ աշխատանքի որակի վրա»: Մամլո խոսնակն այլեւս ՀՀԿ-ական չէր, եւ հետո` Ձեզ էլ կասեն` «սորոսական» եք, որովհետեւ Ձեր` «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն գրանտներ է ստացել, կընդունե՞ք այդ մոտեցումը։ «Ես երբեք գաղափարների չեմ ծառայել, ես իրականացրել եմ ծրագիր, որի նպատակը ժողովրդավար Հայաստան կառուցելն էր»:
Ի դեպ, տեղեկատվություն կա, որ Դուք, Ձեր ամուսինը բավականին մոտ եք եղել ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ «Բավականաչափ չենք եղել, պարզապես Կարեն Կարապետյանը գնահատել է իմ նկարիչ ամուսնու աշխատանքները»: Եվ քանիցս ՀՀԿ-ական կառավարությունը գնել է նրա աշխատանքները` սոլիդ գումարով, ու նվեր է տարել` արտասահմանյան այցերի ժամանակ․ հիմա Ձեզ կարո՞ղ ենք ասել նախկին «թալանչիների» հետ կապված մարդ։ «Դե` չէ, պարզապես աշխատանքը՝ որպես արվեստի գործ, գնահատվել եւ գնվել է»: Փաստորեն, երբ Ձեզ է վերաբերում, արվեստ է, երբ այլոց` «անտիարվեստ»։ «Գիտես, երբ ամուսինս սկսել է աշխատել Կարեն Կարապետյանենց տանը, այն ժամանակ Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» ղեկավարն էր, ՀՀԿ-ական չէր»: Ներողություն, բայց ի՞նչ էր անում Ձեր ամուսինը նրանց տանը։ «Դիզայն, նկարում էր»: Ֆրեզկա՞։ «Այո, կուզե՞ք ցույց տամ»: Ցույց է տալիս՝ հիասքանչ է, հիմա ինչպե՞ս են հարաբերությունները Կարեն Կարապետյանի հետ։ «Չկան հարաբերություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում