Ինչպես հայտնի է, Առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարացրել է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը՝ համարելով, որ առկա է հիմնավոր կասկած, որ Քոչարյանը կարող է կատարած լինել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված արարք, այսինքն՝ սահմանադրական կարգի տապալում և առկա է վտանգ, որ մնալով ազատության մեջ՝ 2-րդ նախագահը կարող է խոչընդոտել քննությանը:
Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Դատարանը փաստել էր, որ առկա չեն հիմնավոր նյութեր, որոնք կխոսեին այն մասին, որ պարոն Քոչարյանը կարող է կատարած լինել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու՝ իրեն մեղսագրվող հանցանքը: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը փաստել էր, որ առկա չէ վտանգ, որ մնալով ազատության մեջ, պարոն Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից: Դատարանի որոշումը բողոքարկվել է մեր կողմից: Մենք գտնում ենք և պնդում ենք, որ չկա որևէ կասկած, որ Քոչարյանը կարող է կատարած լինի 300.1 հոդվածով նախատեսված արարք»,-ասաց Ալումյանը:
Պաշտպանի խոսքով՝ շատ կոպիտ ձևով Վերաքննիչ դատարանը խախտեց քրեական օրենսգրքի բազմաթիվ նորմեր:
«Մեր բերած յուրաքանչյուր փաստարկ, առանձին վերցրած, լիովին բավարար էր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը երեկ անմիջապես ազատ արձակվեր:
Ստեղծված իրավիճակում որպեսզի դատավորը Քոչարյանի գործով կայացնի օբյեկտիվ որոշում, ինքը նաև պետք է հերոս լինի»,–ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը ապրիլի 11-ին որոշում էր կայացրել մերժել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ՝ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը: