Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ համապատասխան ծառայությունները Նիկոլ Փաշինյանի սեղանին են դրել մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ վարչապետի վարկանիշը վերջին 2 ամսվա ընթացքում սրընթաց անկում է ապրում: Այս պահի դրությամբ այն կազմում է մոտ 40-45 տոկոս: Նախորդ ամսվա ընթացքում նա կորցրել է 25 տոկոս վարկանիշ: Իհարկե, սա հանգամանք է, որը ստիպում է վարչապետին կոնկրետ քայլեր իրականացնել այդ վարկանիշի բարձրացման ուղղությամբ:
 
Սակայն զավեշտը կայանում է նրանում, որ ըստ էության՝ կամ Փաշինյանի «փիառշիկների» երևակայությունն է անչափ սնանկ դարձել, կամ էլ վերջացել են այն գործնական, քիչ թե շատ երևացող քայլերը, որոնք հանրությանը հրամցնելով, հնարավոր կլիներ բարձրացնել Փաշինյանի՝ սրընթաց անկում գրանցող վարկանիշը: Բանը հասել է նրան, որ վարչապետի փիառի վրա աշխատողները որոշել են դիմել ժողովրդական բանահյուսության ժանրին: Մամուլում սկսել են տարածել մի տեղեկություն, թե օրերս ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է օրինախախտ վարորդի, ով հայտարարել է, թե ինքը վարչապետի սանիկն է։ Բնականաբար, ոստիկանը չի հավատացել, սանիկն էլ զանգել է քավորին: Երբ ոստիկանը ողջունել է վարչապետին, հաճելիորեն զարմացել է՝ լսելով, թե ինչ հրահանգ է տալիս Փաշինյանը։ Ըստ այս «լեգենգի»՝ վարչապետը ՃՈ աշխատակցին ասել է՝ պատժել օրենքի խստությամբ: Ոստիկանն էլ, իր մաշկի վրա զգալով իրավիճակի փոփոխությունը, այդ դեպքից հետո դուխով բոլորին պատմում է այս լեգենդը:
 
Զարմանալի է միայն, որ հայտնի չէ ո՛չ սանիկի անունը, ո՛չ նրա ավտոմեքենայի պետհամարանիշը: Թե ով է այդ երևակայական սանիկը, մնում է միայն ենթադրել: Օրեր առաջ էլ, ի դեպ, վարչապետը հայտարարել էր, որ չարաշահման մեջ մեղադրանք և կալանքի որոշում է կայացվել իր մերձավոր բարեկամներից մեկի նկատմամբ: Անգամ եթե Փաշինյանի ազգականը իսկապես հանդիսանում է քրեական գործի ֆիգուրանտ՝ Փաշինյանը այս պատմությունից առավելագույն փիառ դիվիդենտներ փորձեց քաղել: Վարչապետից, իհարկե, փորձել են ճշտել, թե ով է նրա իսկ ցուցումով կալանավորված ազգականը, սակայն վարչապետը հղում է արել նախաքննական գաղտնիքին: Զարմանալի է, որովհետև հեղափոխությունից երկու-երեք ամիս անց ոչինչ չէր կաշկանդում Փաշինյանին Ազատության հրապարակի ամբիոնից բարձրաձայնել, ոչ միայն նախաքննական, այլ նաև բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը: «Օրինախախտ սանիկի» պատմությունը ևս ամբողջությամբ տեղավորվում է այս փիառ ակցիայի տրամաբանության մեջ: 
 
Վարչապետի և նրա փիառի վրա աշխատող թիմի մոտիվացիան իհարկե հասկանալի է: Փաշինյանը անչափ շատ է ուզում հանրությանը ցույց տալ որ մեկն է նրանցից, փորձում է անկողմնակալ և արդար ղեկավարի իմիջ ձեռք բերել, ասել է թե ստեղծել նրանից հայկական Լի Կուան Յու ստեղծել: Լի Կուան Յու-ն հիշեցնենք Սինգապուրի վարչապետն էր, ով կոռուպցիայի դեմ պայքարում չէր խնայում անգամ իր հարազատներին: Սակայն այն մասին, որ այս համեմատությունը տեղին չէ խոսում է առաջին հերթին այն փաստը, որ իշխանությունը ստանձնելուց մեկ տարի անց Սինգապուրի վարչապետը իրականացրել էր 114 ռեֆորմ և բոլոր այդ ռեֆորմներն էլ մեկ տարվա ընթացքում գործնական արդյունքներ էին տվել: Ինչ վերաբերվում է Փաշինյանին , ապա փաստենք, որ նրա ռեֆորմները այս այնքան անհաջող և անտաղանդ էին, ինչպես և իր փիառշիկների աշխատանքը: Ավելին, փիառվելու անհրաժեշտության առաջացման պատճառներից մեկն էլ հենց այդ ռեֆորմների ձախողումն է...
 
Այս ամենն արդեն ոչ միայն անլուրջ է, այլ մեղմ ասած, անպատասխանատվության և անլրջության դրսևորում է, որովհետև քաղաքացիների խնդիրները, կառավարության, Նիկոլ Փաշինյանի այդ ինքնագովազդի համեմատ, տասնապատիկ ավելի լուրջ են: Մարդիկ չեն կարողանում ապրել, ու կառավարությունից, իշխանությունից սպասում են այդ հարցում իրենց կարողություններն ավելացնելու առարկայական գործեր: Ինչպես երևում է՝ սանիկին «գայի դուռը գցելը»  այլևս չի անցնում, պետք է կամ նոր փիառ գործիքներ ընտրել, կամ էլ ի վերջո լրջանալ և անցնել գործի: