ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այն քաղաքացիները, որոնք վարկ են վերցրել՝ վարկային միջնորդության ծառայություն առաջարկող ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների միջնորդությամբ եւ դրա դիմաց վճարել են 10 տոկոսից ավելի միջնորդավճար, կարող են կապ հաստատել իր օգնականի հետ։

NEWS.am–ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ 10 000 քաղաքացի վարկեր ունեն միջնորդ կազմակերպությունների միջոցով, իսկ կազմակերպությունները գործում են անօրինական դաշտում եւ հանդիսանում են կամուրջ քաղաքացու եւ բանկի միջեւ։

«Միջնորդ կազմակերպությունները քաղաքացուն «օգնում են» վարկ վերցնելու համար եւ հետո 30–40 տոկոս միջնորդավճար են վերցնում»,– ասաց նա։

Հովիկ Աղազարյանն օրինակ է բերում. Քաղաքացին 500 հազար վարկ է վերցնում, սակայն ստանում է 350 հազար դրամ, մնացածը ստանում է միջնորդ կազմակերպությունը. «Շատ անմարդկային պայմաններ են, մարդիկ հայտնվում են ստրկական վիճակի մեջ եւ այդ քաղաքացիների 90 տոկոսը չեն վճարել վարկերը. Նրանք 30 տոկոս միջնորդավճարով են կապված»։

Պատգամավորը նշեց, որ ցանկանում է գտնել այդ մարդկանց, փորձել լուծել նրանց խնդիրները։

Ըստ նրա, միայն Երեւանում կա նման 30 կազմակերպություն. Առաջին քայլը լինելու է հավաքել այդ մարդկանց տվյալները, օգնել, հետո՝ դիմել ոստիկանություն։ Նա ասաց, որ արդեն շատ-շատերն են իրեն դիմել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը օրերս ԱԺ–ում հանդես է եկել առաջարկությամբ՝ վարկային միջնորդության ծառայություն առաջարկող ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին ենթարկել քրեական պատասխանատվության՝ անօրինական գործունեություն ծավալելու արդյունքում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներին անելանելի ֆինանսական դժվարության մեջ գցելու համար: