«Որպեսզի Հայոց ցեղասպանությունն ունենա միջազգային ճանաչում, մենք դրան նպաստելու համար պետք է զարգացնենք Հայաստանի տնտեսությունն ու մշակույթը»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբին:

Նա նշեց, որ ապրիլի 24-ին առաջին անգամ է գտնվում Ծիծեռնակաբերդում: «Լիոնում պայքարել եմ Ցեղասպանության ճանաչման համար տարիներ շարունակ: Այսօր` Հայաստանում, ավելի քան երբևէ՝ հուզված եմ»,- ասաց նա:

Լիոնի քաղաքապետի խոսքով` եթե ուզում ենք Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ պետք է կառավարությունը շարունակի պայքարը միջազգային ճանաչման համար:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե արդյո՞ք ըստ նրա՝ Կառավարությունն ասյօր անում է ամեն ինչ` Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, այդ թվում՝ Թուրքիայի, նա պատասխանեց. «Այլ լուծում չպետք է լինի, Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը: Տարբեր ճանապարհներ կան ընդունելու համար: Պետք են նոր մոտեցումներ: Կարեւոր է այլ երկրների աջակցությունը, քանի որ մեր թշնամիներն ունեն նյութական և տնտեսական մեծ ուժեր: Կառավարությունը երբեք չի կարողանա Թուրքիային ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-եզրափակեց Ժերար Կոլլոմբին: