«Ես այսօր քուրդ ժողովրդի անունից գլուխ եմ խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջև: Եվ կոչ եմ անում թուրքական իշխանություններին և թուրք ժողովրդին՝ ուժ գտնել և ճանաչել հայերի ցեղասպանությունը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Կնյազ Հասանովը:
Հասանովը նշեց, որ ճանաչման հետ մեկտեղ պետք է հրապարակային ներողություն խնդրեն հայ ժողովրդից.
«Ես միաժամանակ կոչ եմ անում թուրքական իշխանություններին, որ արդեն 30-40 տարի շարունակ ցեղասպանության է ենթարկում, ոչնչացնում է քուրդ ժողովրդին: Միջազգային հանրությունը, գերտերությունները պետք է բռնեն այդ պետության արյունոտ ձեռքը:
Ճանաչման հարցում պետք է լայն աշխատանք տարվի, որ բոլոր պետությունները, որոնք մանրամասն չգիտեն ցեղասպանության մասին, մոտիկից ծանոթանան այդ ցեղասպանություններին՝ հայերի, քրդերի, հրեաների: Այդ պետությունները պետք է իրենց կաշվի վրա զգան, որ ցեղասպանությունը սարսափելի երևույթ է, որ ինչ-որ ազգության, ինչ-որ կրոնական պատկանելության և այլ պատճառներով ոչնչացնում են ժողովուրդներին: Պետք է այսպիսի աշխատանքներ տարվեն, որպեսզի ցեղասպանությունների դեմն առնեն»:
ԼՈՒՐԵՐ. com-ի հարցին, թե արդյո՞ք հեղափոխությունից հետո ավելի մեծ են հնարավորությունները ցեղասպանության ճանաչման համար, պատգամավորը նշեց.
«Հեղափոխությունը լավ բան է, որ կատարվեց Հայաստանում, բայց պետությունը նույնն է: Աշխատանքները պետք է տարվեն պետական մակարդակով, բոլոր ժողովրդների հետ պետք է համագործակցել, հատկապես այն ժողովուրդների հետ, որոնք ենթարկվել են ցեղասպանության»: