Ադրբեջանի իշխանություններն արդեն երրորդ օրն է, ինչ փակել են Դավիթ Գարեջիի համալիրի Ուդաբնո վանքը (վրաց-ադրբեջանական սահմանին) եւ հոգեւոր այրերին չեն թողնում մտնել այնտեղ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է վանքի վանահայր Կիրիոնը՝ հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Նրա խոսքերով, ադրբեջանցի սահմանապահները վանքի շրջակա արահետներին արգելող եւ նախազգուշացնող նշաններ են տեղադրում։ Կիրիոնի կարծիքով, դրությունը վատացել է 2019թ․ փետրվարին Ադրբեջան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցից հետո։
Բաքվում վրացական պետության ղեկավարը խոսել է Վրաց-ադրբեջանական սահմանի շուտափույթ սահմանազատման մասին։ Նշվել է, որ հարցը կլուծվի մինչեւ տարվա վերջը։
Վրացական կողմը վիճելի է համարում այն տարածքը, որի վրա տեղակայված է Դավիթ Գարեջիի վրացական միջնադարյան վանական համալիրը եւ Էրիսիմեդի գյուղը (Թբիլիսիից 60 կմ հարավ-արեւելք)։ Գլխավորը Սբ Դավիթի վանքն է, որը գտնվում է Վրաստանը Ադրբեջանից բաժանող լեռան հյուսիսարեւելյան ստորոտին։ Համալիրի մի մասը եւ Ուդաբնո վանքը գտնվում են հարավարեւմտյան ստորոտին, որը ադրբեջանական տարածք է։ Տասնյակ հազարավոր ուխտավորների եւ զբոսաշրջիկների այցելության վայր հանդիսացող գործող վանքի պատկանելությունը կարեւոր եւ հիվանդագին հարց է Վրաստանի հանրության համար։
Վրաստանի ԱԳՆ-ը հուսով է, որ Ադրբեջանը կհասկանա
Դավիթ Գարեջիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին արդեն հայտարարություն է արել Վրաստանի ԱԳՆ-ը։ Ադրբեջանական կողմի հետ կապը իրականացվում է գործընկերական մթնոլորտում, սակայն նման հարցերի լուծման համար որոշակի ժամանակ է պահանջվում՝ հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին։
Վրաստանի ԱԳՆ-ը կոչ է անում բոլորին ձեռնպահ մնալ զգացմունքային գործողություններից եւ հայտարարություններից, քանի որ դա կխանգարի բանակցությունների գործընթացին։
Ադրբեջանական սահմանապահները 2012 թվականի մայիսից տեղակայված են վանական համալիրի մոտակայքում
Բարիդրացիականություն՝ ադրբեջանական ձեւով
Ադրբեջանի իշխանությունները դեպի Ուդաբնո վանք ճանապարհ բացելու որոշում են կայացրել՝ հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը։
Վրաստանի ԱԳՆ-ը Ադրբեջանի հետ բանակցություններ է վարել՝ կապված այն բանի հետ, որ ադրբեջանական կողմը փակել է վիճելի սահմանի երկայնքով տեղակայված վանքերից մեկի ճանապարհը։
Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Դավիթ Զալկալիանիի խոսքերով, ապագայում անպայման կշարունակվի աշխատանքն այն ուղղությամբ, որպեսզի առավել ինտենսիվորեն վերանայվի Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների զատման խնդիրը։
Սահմանազատման գործընթացը դադարեցվել էր վրաց-աքդրբեջանական միջկառավարական հանձնաժողովում Ադրբեջանի կողմից կատարված փոփոխությունների պատճառով։
Վրաստանն Ադրբեջանի հետ ունի ընդհանուր 446 կմ պետական սահման, որի մեկ երրորդը դեռեւս սահմանազատված չէ։Վրաց-ադրբեջանական երկկողմ միջկառավարական սահմանազատման հանձնաժողովը ստեղծվել է 1996թ․։