Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ապրիլի 22-ին որոշում է ընդունել այն մասին,որ մինչեւ մրցույթով «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Վազգեն Վլադիմիրի Մարգարյանին նշանակել այդ բուժհիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Իջեւանի ԲԿ-ի նախորդ տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը մարզպետ Հ․ Չոբանյանի կողմից աշխատանքից ազատվել էր այս տարվա փետրվարի 18-ին։Ռ․ Գրիգորյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել էր կողմերի համաձայնությամբ։ Իջեւան քաղաքում տարածված խոսակցությունների համաձայն, Ռ․ Գրիգորյանին աշխատանքից ազատելու առիթ էր հանդիսացել այն, որ Գրիգորյանը բժշկական կենտրոնի աշխատակիցներին տարածք չէր տրամադրել արհմիության ժողով անցկացնելու համար։ 2019թ․ ապրիլի 22-ին մարզպետ Չոբանյանը Իջեւանի ԲԿ անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ․ Մարգարյանին, հույս հայտնել, որ վերջինիս կողմից իրականացվելիք աշխատանքները նպաստելու են բուժծառայությունների որակի բարձացմանը, հիվանդանոցում բոլոր պայմանների բարելավմանը, տարբեր խնդիրների կաոնոնակարգմանը։
Իջեւանի ԲԿ-ի աշխատակիցների մեծ մասը ծանոթ են 61-ամյա Վազգեն Մարգարյանին, քանի որ նա 2013-2015 թվականներին ղեկավարել է այդ բուժհիմնակը։ 2013թ․ հոկտեմբերի 1-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Վ․ Մարգարյանին նշանակել է Իջեւանի ԲԿ-ի տնօրեն։ 2014թ. դեկտեմբերի 8-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կարգադրել է Վազգեն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին: Մարզպետ Աբովյանը հիմք ընդունելով Տավուշի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի 2014թ. դեկտեմբերի 3-ի աուդիտորական հաշվետվությունը եւ հաշվի առնելով Վ. Մարգարյանի բացատրությունը՝ կարգադրել է աշխատանքում լուրջ թերությունների եւ խախտումների համար «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վ.Մարգարյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, վերջինս կարգադրելով 15 օրվա ընթացքում վերացնել հայտնաբերված թերություններն ու խախտումները եւ այդ մասին տեղեկատվություն ներկայացնել: 2015թ. հունվարի 23-ին մարզպետ Աբովյանը որոշում է ընդունել Վ. Մարգարյանին ազատել Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Վազգեն Մարգարյանի նկատմամբ, ֆինանսատնտեսական խախտումների համար, քրեական գործ էր հարուցվել: Սակայն Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում կատարված քննության արդյունքում այդ քրեական գործը կարճվել է:
Աղբյուրը՝ tesankyun.am