Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում 2014 թվականի հուլիս ամսից ի վեր առաջին անգամ երևում է «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, այս մասին տեղեկությունը հրապարակվել է իսլամիստ արմատականների գործունեությանը հետևող SITE կայքում:

Նշվում է, որ տվյալ տեսագրության մեջ ալ-Բաղդադին քննարկում է մարտերը Բագուզ բնակավայրում, որը ԻՊ-ի վերջին հենակետն է Սիրիայում: Բացի այդ՝ նա հայտնում է մեծ թվով գրոհայինների մահվան մասին, ինչպես նաև խոսում Շրի Լանկայում Զատկի տոնին տեղի ունեցած ահաբեկչությունների մասին:

Որտեղ և երբ է նկարահանվել տեսանյութը, չի նշվում: Նախկինում ալ-Բաղդադիի մասնակցությամբ տեսարաններ տարածվել էին 2014-ի հուլիսին, երբ նրան ցուցադրել էին իրաքյան Մոսուլ քաղաքի Մեծ մզկիթում:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ պարբերաբար լուրեր էին հաղորդվում ԻՊ-ի պարագլխի մահվան մասին, սակայն այդ լուրերը պաշտոնապես չէին հաստատվում: