Ամենայն հավանականությամբ, Ստամբուլի նահանգապետարանից Պոլսո պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար արտոնությունը մեկ շաբաթվա ընթացքում կստացվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։
«Ապրիլի 25–ին Պոլսո պատրիարքարանում հոգեւորականների մասնակցությամբ ժողով է գումարվել եւ որոշվել է, որ պատրիարքի ընտրության գործընթացը շարունակվի փոխանորդի՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Հաջորդ օրը դիմում է ուղարկվել նահանգապետարան՝ ընտրության արտոնություն ստանալու համար։ Նահանգապետարանը խնդրագիրը կփոխանցի Անկարային, որտեղից էլ պատասխանը կստացվի։ Պատասխանը շատ պիտի չուշանա, հավանաբար մեկ շաբաթվա ընթացքում»։
Էստուկյանի խոսքով՝ արտոնությունը ստանալուց հետո կկազմվի կարգադիր հանձնախումբ. «Պատասխանը ստանալուց հետո պիտի կազմվի կարգադիր հանձնախումբ, որը նահանգապետարան պիտի գնա վավերացման համար եւ նամակներ պետք է ուղարկվի տարբեր եպիսկոպոսների, որոնք ի վիճակի են եւ ցանկանում են թեկնածու լինել։ Ստացված պատասխանների հիման վրա արդեն կսկսվի ընտրարշավ»։
Էստուկյանը հայտնեց, որ տարբեր խմբեր պատրիարքի իրենց թեկնածուն ունեն. «Կան Արամ Աթեշյանին ցանկացողներ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանին էլ, Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին էլ ցանկացողներ էլ կան։ Պատրիարքի ընտրությունը 5-6 ամիս կարող է տեւել։ 1-2 ամսվա մեջ թեկնածուները ավելի հստակ կլինեն»։
Էստուկյանը բարձր գնահատեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի շանսերը. «Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հռետոր է, լավ տպավորիչ են նրա ճառերը»։
Հիշեցնենք, որ Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։ 2008 թվականից Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պատրիարքը անգիտակից վիճակում բժիշկների մշտական խնամքի ներքո էր եւ չէր կարող իրականացնել իր պարտականությունները, ինչի պատճառով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր եկել նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։