Օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբիելյանը հայտարարել էր, որ քննարկման է դրված աշխատող ուսանողի աշխատավարձի եկամտահարկը ուսման վարձի վճարմանն ուղղելու ծրագիրը: Նախագծով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները:
 
Փոխհատուցման իրավունք կունենան ՄՈԳ-ի շեմը հաղթահարած ուսանողները: Ծրագրի ռիսկերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:
 
Փորձագետը նշեց, որ ծրագրի շուրջ պետք է քննարկումներ լինեն:
  
«Բազմաթիվ մարդիկ, ովքեր արդեն ունեն բարձրագույն կրթություն, կարող են դառնալ ուսանող, որպեսզի եկամտահարկը ոչ թե գնա պետական բյուջե, այլ ծառայի իրենց։ Օրինակ, եթե մարդը ստանում է 300.000 դրամ և վճարում է մոտ 70.000 դրամ եկամտահարկ, ավելի ձեռնտու կլինի, որ այդ գումարը վճարի որևէ բուհի։ Մեկ այլ ռիսկային խնդիր է այն, որ հաճախումների խնդիր է լինելու, առանց այդ էլ այդ խնդիրը կա: Օրինակ, ԱՄՆ-ում ուսանողները ընտրության հնարավորություն ունեն: Այնտեղ կա ուսուցման ճկուն գրաֆիկ, ուսանողը կարող է դասապրոցեսին ներկայանալ երեկոյան, եթե երեկոներն է աշխատում՝ առավոտյան: Կամ կարող է այդ ծրագիրը չանցնել 4 տարում, այլ անցնել 7 տարում: Հայաստանում այդ հնարավորությունները չկան»,- ասաց Խաչատրյանը:
Հարցին, թե արդյո՞ք այս ծրագիրը չի հանգեցնի ուսուցման որակի ընկնելուն, Խաչատրյանը պատասխանեց, որ ուսանողների համար դժվար է համատեղել աշխատանքը և ուսումը:
  
«Ես ուսանող ունեմ, որ գիշերը պահակ է աշխատում, ցերեկը գալիս է դասի՝ քնում է։ Այդ ուսանողը կարո՞ղ է արդյունավետ սովորել: Սովորել բառի հոմանիշը պարապելն է՝ «պարապ», այսինքն, սովորելու համար պետք է ազատ ժամանակ ունենալ: Ուսանողի ՄՈԳ-ի բարձր լինելը կարող է կոռուպցիոն ռիսկերի բերել, գրավոր քննություններին էլ կարող են մի քանի բան արտագրել, ՄՈԳ-ը պահել»:
  
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք համալսարանները կողմ կլինեն այս ծրագրին, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ համալսարանների համար այն ձեռնտու է՝ ուսանողների թիվը կշատանա, վարձի պատճառով դուրս մնացողների քանակը կարող է նվազել: