Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս է եկել գործարարությունից, նրա բաժինը կվերադարձնեն նախագահության հնգամյա ժամկետը լրանալուց հետո: Այդ մասին հայտնել է Զելենսկու բիզնես-գործընկեր Սերգեյ Շեֆիրը:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է կայանան աշնանը, ցանկանում է դուրս գալ իր գործարարությունից: Նրա խոսքով՝ ինքը հինգ տարով է գնում նախագահության:

«Նա դուրս է եկել բիզնեսից: Գուցե այնտեղ մեկ-երկու ստորագրություն մնացել է: Ինչ-որ մեկին է տվել իր բաժինը: Գուցե ինձ, գուցե Բորիսին (Շեֆիրին – խմբ.), ես չեմ հիշում: Դա այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ ո՛չ ես, ո՛չ էլ Բորիսը նրան չենք վնասի եւ չենք խաբի»,- ասել է Շեֆիրը մայիսի 6-ին «theԲաբել» ինտերնետ-հրատարակությունում հրապարակված հարցազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: