Դերասան Լևոն Շարաֆյանը հյուընկալվել է Արա Ղազարյանի հաղորդմանն ու խոսել Թավշյա հեղափոխության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված խոստումների և հետհեղափոխական էյֆորիայի մասին: Շարաֆյանը քննադատել է Փաշինյանին իր տված և չկատարած խոստումների, անփորձ կադրերի նշանակման և այլնի համար։
Արա Ղազարյանի հարցին, թե ինչու է նման դիրքորոշում հայտնում նոր իշխանության նկատմամբ, այն դեպքում, երբ իր որդին ու մյուս հարազատները ողջունում են, Լևոն Շարաֆյանը պատասխանեց, որ դրա պատճառը իր հարսի պատգամավոր լինելն է:
Լևոն Շարաֆյանը նշեց, որ իր որդու կինն է հանդիսանում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ում Շարաֆյանը բնութագրեց որպես «խելոք աղջիկ»՝ ավելացնելով, որ չգիտի, թե նա ինչպես «դեպուտատ» դարձավ:
Հաղորդավար Արա Ղազարյանի հարցին, թե նրա նմանօրինակ կարծիքի բարձրաձայնման փաստը արդյոք չի վնասում (Գայանեին), Շարաֆյանը պատասխանեց. «Դրա համար էլ լռում եմ...որովհետև ես էնտեղից ահազանգ ստացա: Տղաս ասաց, թե ...Գայանեի վրա խոսակցություն է գալիս, ասում են՝ կեսրարդ քո դեմ ա դուրս եկել»: