«Որևէ մտավախություն չկա, ես ուրախ եմ որպես իշխանության ներկայացուցիչ, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջ միավորել ընդդիմությանը»: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադառանալով նրան, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է միանալ նոր ընդդիմադիր ուժերին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Չեմ կարծում, թե կստացվի, որովհետև շատ լավ գիտենք մարդկանց վերաբերմունքը և պարոն Քոչարյանի վարկանիշը, և խորհուրդ եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի դեպքում չօգտագործել նախագահ բառը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երբևիցե չեն եղել ժողովրդի կողմից ընտրված, նրանք ուղղակի մարդիկ են եղել, ովքեր զբաղեցրել են այդ պաշտոնը»,-ասաց Սիմոնյանը:
Այն հարցին, թե մտավախություն չունի՞, որ օրերս Արցախում տեղի ունեցավ Հայաստան- Արցախ ռազմավարական ֆորումը, որին մասնակցում էին ՀՅԴ-ն, տարբեր ՀԿ-ներ և այնպիսի մարդիկ, ովքեր աջակցում են Քոչարյանին, Սիմոնյանն ասաց. «ՀՀ իշխանության աջակիցը հայ ժողովուրդն է, թե ով որտեղ կհավաքվի, իրար որտեղ կենաց կասեն, իրար ով նամակ կգրի, դա իրենց խնդիրն է: ՀՀ իշխանության ամենամեծ դաշնակիցը ՀՀ ժողովուրդն է: Ես ինձ լուրջ մրցակից եմ համարում ներկա ընդդիմությանը, իսկ այդ նախկին բեկորները, որոնք միավորվում են, որպեսզի փրկեն այն, ինչը իրենք ժամանակին արել են, փրկեն իրենց, որովհետև իրենք ժամանակին ոչ այնքան ճիշտ գործողություններով են հայտնի դարձել ժողովրդին, ինձ քիչ է հետաքրքրում»:
Դիտարկմանը, որ նաև Արցախի իշխանությունն է աջակցում Ռոբերտ Քոչարյանին, Ալեն Սիմնոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Արցախի իշխանությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին, դա իշխանության մեջ գտնվող անհատների աջակցություն է»: