ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բրյուսելում կարճատեւ շփման ժամանակ մտքեր են փոխանակել շփման գծում ստեղծված իրավիճակի շուրջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Գիտեք, որ հանդիպումը կայացել է Եվրոպական միության կողմից՝ ի պատիվ Արեւելյան գործընկերության ղեկավարների, գիտեք նաեւ, որ նույն սեղանի շուրջ էին նստած ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Այս շրջանակներում տեղի է ունեցել կարճատեւ զրույց, բնականաբար, տեղի է ունեցել մտքերի փոխանակում շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- նշեց նա։
Մամուլի խոսնակը հիշեցրեց նաեւ, որ կան կապի այլ խողովակներ. «Շփման մի քանի խողովակներ կան, ուստի երկու երկրների ղեկավարներն, ընդհանուր առմամբ, տեղեկացված են, ուստի ավելի ռազմավարական տեսակետից էին մտքերի փոխանակում անում»։
Հարցին՝ զրույցը ո՞ր կողմի նախաձեռնությամբ է եղել, նա նշեց, որ Եվրոպական միության ղեկավարության նախաձեռնությամբ։