ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի պաշտոնից վերջերս ազատված Հայկ Այվազյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, ապրիլի 1-ին զբաղեցրած պաշտոնից ազատված Հայկ Այվազյանը նշել որ, որ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ինքն ազատված է աշխատանքից՝ առանց որեւէ պարզաբանման եւ պատճառաբանություն ներկայացնելու: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայկ Այվազյանի ազատման պատճառը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած հակասությունն է եղել։
Հայկ Այվազյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ իր խախտված իրավունքների վերականգնման համար պայքարելու է։
ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության ղեկավարի դեմ. նախ՝ պարտավորեցնում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանը, վերականգնվել աշխատանքի, եւ, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետեւանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։