«Երեկ գիշերը ժամը 3-ի մոտակայքում տարբեր համարներից ստացել եմ հեռախոսազանգեր, որտեղ հնչել են սպառնալիքներ իմ ու իմ ընտանիքի հասցեին»: Այս մասին Tert.am-հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

 «Զանգել էին գլխավոր դատախազի անունից, ասում էին՝ չհամարձակվես Արթուր Դավթյանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնել: Ես ասուլիսի ընթացքում ավելի վաղ ասել էի, որ գլխավոր դատախազի հայացքը, դատարանում Արցախի 3 նախագահներին նայելիս, «սաֆարովյան» հայացք էր: Ասել էի, որ գլխավոր դատախազը թրքացած է, եթե նախագահների երաշխավորությունից հետո կրկին պնդում է կալանքի հարցը»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Նա տեղեկացրեց, որ զանգերից հետո հաղորդում է տվել ոստիկանություն, փորձել է դիմել նաև ԱԱԾ-ին, բայց ընդունարանից չեն արձագանքել:
 «Ոստիկանության Արաբկիրի բաժնից եկան լսեցին հեռախոսահամարները, տեսան, արձանագրություն կազմեցին, հարցաքննեցին, քննություն է ընթանում»,-հավելեց նա:

Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ ոստիկանները պարզել են՝ հեռախոսահամարներից մեկը պատկանում է մի կնոջ, որից հեռախոսը անծանոթ անձինք խնդրել են զանգ կատարելու համար:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից նշեցին, որ գիշերը ժամը 03: 35-ին Գառնիկ Իսագուլյանը զանգել է ոստիկանություն, տվել է հեռախոսահամար և ասել, որ իրեն այդ համարից զանգելով՝ սպառնացել են:

«Այս պահին հետաքննություն է կատրվում»,- ընդգծեցին ոստիկանությունից: Այլ մանրամասներ ոստիկանությունից չներկայացրեցին:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից էլ նշեցին, որ իրենց նման դեպք հայտնի չէ: