Օրեր առաջ կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց Ազգային ժողովի անվտանգության համար տրամադրել 85 միլիոն դրամ, որով կգնվեն 4 ռենտգեն սարքավորումներ։ Սարքերից 3-ը կտեղադրվեն Արարատ Միրզոյանի աշխատասենյակի առջև։ Իմքայլական պատգամավորները պնդում են, որ դրա անհրաժեշտությունը կա, իսկ Աժ ընդդիմադիր խմբակցությունների կարծիքով, այդ գումարը կարելի էր ավելի ռացիոնալ օգտագործել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ չի տեսնում նման սարքավորումների անհրաժեշտությունը. «Դա ավելորդ ծախս է: Մենք անվտանգության խնդիր չունենք, Արարատ Միրզոյանը՝ նույնպես։ Իսկ եթե կա խնդիր, ուրեմն բոլորիս է վերաբերվում. պետք է սարքերը տեղադրվեն գլխավոր մուտքի մոտ»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով այն հարցին, որ առանց անվտանգության աշխատակիցների և թիկնապահների շրջող պատգամավորների անվտանգության համար սպառնալիք կարող է լինել դրսում, քան շենքի ներսում, պատգամավորն ասաց. «Անվտանգության խնդիր մենք այստեղ չունենք, այդ խնդիրը դրսում ավելի լուրջ կարող է լինել։ Կարծում եմ՝ Արարատ Միրզոյանն էլ չունի անվտանգության խնդիր։ Իհարկե, տարբերություն կա՝ նա իր կարգավիճակով պայմանավորված՝ պարտադիր ենթակա է անվտանգության ապահովման, բայց խելամտության սահմաններում: ԱԺ-ի շենքի ներսում, ըստ իս, արդեն անվտանգ է, ուրիշ բան, որ կան տվյալներ որ մեզ հասանելի չէ: Ես անվտանգության խնդիր չեմ տեսել, նախադեպ և դեպք»։Պատգամավորը հավելեց, որ չի եղել այնպիսի դեպք, որի համար անհրաժեշտ լիներ ավելացնել անվտանգության միջոցները։