ՀՀ սահմանադրկան դատարանի կողմից դեռևս որոշում չի կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանից։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով կիրառման ենթակա օրենքների սահմանադրականությունը որոշելու և Սահմանադրության նորմերը մեկնաբանելու հարցերով դատավորի գրությունը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։
ՍԴ–ից տեղեկացրին, որ դատավորի գրությունը Սահմանադրական դատարան մուտքագրվելուց հետո սահմանված կարգով ընթացք է տրվել, և վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանի կողմից դեռևս որոշում չի կայացվել։
Գործը քննության ընդունելու մասին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում կարող է կայացնել օրենքով սահմանված ժամկետներում։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին:
Դատարանը դիմել է ՍԴ` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: Դատարանը խնդրել է նաեւ մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում: