«Կառավարության ղեկավարը մի քանի օր առաջ 100 ձեռքբերում ներկայացրեց, որը վատ չէ։ 3-4 օրում 1 ձեռքբերում: Բայց այդ ձեռքբերումներից մի զգալի մասը ամենևին էլ ձեռքբերում չէ: Որպես ձեռքբերում է ներկայացված նախարարությունների թվի կրճատումը: Այդ ի՞նչ էին ուզում ձեռք բերել, որ կրճատմամբ ձեռք բերեցին: Ի՞նչ է, մշակույթի վիճակը բարելավվե՞ց, գյուղացիներն ավելի լա՞վ սկսեցին ապրել, Սփյուռքի հետ կապն ամրապնդվե՞ց: Կասեք՝ մի քանի օր առաջ են օրենքը փոխել, ինչպե՞ս պետք է այդ կարճ ժամանակահատվածում արդյունք ապահովեին, ու շատ ճիշտ կասեք, բայց եթե մի քանի օր առաջ են օրենքը փոխել, դրա արդյունքը չենք տեսել, ինչպե՞ս են այդ փոփոխությունը որպես ձեռքբերում ներկայացնում»,֊ այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց նաև, որ այդ 100 կետերի մեջ կան նաև ձեռքբերումներ. «Դրանցմի մասը նախորդ կառավարության ծրագրերի շարունակությունն է, օրինակ՝ համայնքներին տրամադրվող սուբվենցիաների ծրագիրը, որը դեռ նախորդ կառավարությունում դաշնակցական նախարարն էր նախաձեռնել»֊ ասաց նա։
Ըստ նրա՝ չակերտավոր ձեռքբերումներ շատ կլինեն, քանի դեռ իրական ձեռքբերումներ չկան. «Իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ կառավարությունը չի լրջացել ու չի անցել երկրի համար կենսական կարևորություն ունեցող խնդիրների լուծմանը: Ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը, սկսվե՞ց այդ հեղափոխությունը, թե՞ հետաձգվում է մինչև դատաիրավական համակարգի բարեփոխումների ավարտը»֊ նշեց Խաչատրյանը: