Դատական համակարգը միանաշանակ առողջացման կարիք ունի, սակայն ընտրված ճանապարհը ճիշտ չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրուցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը, որ մասնակցում էր ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքին։

«Ո՞վ է առողջացման գործընթացն իրականացնելու։ Եթե լենանազարյաններն ասեն՝ եկեք պավլիկմորոզովություն արեք, եթե նրանք իրենց միջից պետք է ստեղծեն հանձնաժողովներ՝ առանց մեզ ներգրավելու, ապա արդեն պատկերացնում եմ, թե ինչ կլինի»,– ասաց Ռուբեն Սահակյանը։

Նրա խոսքով՝ հարց է՝ ովքե՞ր են վեթինգն իրականացնող դատավորները։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգում առկա վիճակի մասին իր ելույթում հայտարարել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: