ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանում անցումային արդարադատության ներդրումից առաջ կարևորում է հասարակության շրջանում դրա վերաբերյալ ճիշտ ակնկալիքների ձևավորումը: Այս մասին Թաթոյանն ասաց մայիսի 24-ին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում:
«Չափազանց կարևոր է հասարակությունում ճիշտ ակնկալիքների ձևավորումը ներդրվող ցանկացած նոր ինստիտուտի վերաբերյալ: Դա կնպաստի դրանց շատ ավելի սահուն գործադրմանը, դրանց նպատակների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը»,- ասաց Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ դատական համակարգում կան խնդիրներ, որոնք վերաբերում են դատարանների և՛ արտաքին, և՛ ներքին անկախությանը:
«Մենք ունենք դատարանների նկատմամբ քաղաքացու վստահության պակասի խնդիր, իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ, որոնք առնչվում են արդար դատաքննության իրավունքին, ազատությունից զրկման մեխանիզմին: Մոնիտորինգը վկայում է, որ ազատությունից զրկման մեխանիզմը հաճախ անկատար է մնում հենց դատական համակարգում առկա խնդիրների պատճառով: Նաև խնդիրն այն է, որ այս ամենը թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ ունի»,- նշեց Արման Թաթոյանը:
2018թ. մայիսից ի վեր անցումային արդարադատության թեման բուռն քննարկումների առարկա է դարձել քաղաքական, մասնագիտական և առհասարակ լայն հասարակական շրջանակներում։
Յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նստաշրջանից այս հարցը դրվել է արդեն օրակարգային քաղաքական քննարկումների սեղանին, և, կարծես թե, համընդհանուր ընկալումկա, որ հենց Ազգային ժողովն է այն ներկայացուցչական մարմինը, որը պետք է զբաղվի այս հարցով։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից տարբեր առիթներով հայտարարվել է, որ հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հասարակության շրջանում ձևավորված ակնկալիքներըև մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև հարցի զգայունությունը՝ թեմայի նախնական ուսումնասիրություններից հետո կնախաձեռնվեն նաև լայն հանրային քննարկումներ Հայաստանումանցումային արդարադատության (այսուհետ տեքստում նաև՝ ԱԱ) անհրաժեշտության գնահատման, ԱԱ գործիքների կիրառման հեռանկարների և հնարավոր ձևերի վերաբերյալ։
Լսումների ընթացքում կնախատեսվեն մի քանի զեկույցներ, նախնական պատկերացմամբ դրանց շրջանակներում կշոշափվեն անցումային արդարադատության թեմայով միջազգային փորձին, ԱԱ առանձին գործիքների կիրառման հեռանկարներին, ինչպես նաև գործընթացի կազմակերպման հնարավոր տարբերակներին վերաբերող հարցեր։ Բանախոսների հետ հարցուպատասխանի, ապա նաև ելույթների միջոցով լսումների մասնակիցները հնարավորություն կունենան ունենալ շահագրգիռ քննարկում՝ ներկայացնելով տարբեր տեսակետներ։ Լսումների ընթացքումելույթներ կունենան նաև հրավիրված միջազգային փորձագետներ։
Լսումների նպատակն է ներառական և շահագրգիռ քննարկման արդյունքում քաղաքական մարմնի մոտ ձևավորել պատկերացում, թե հանրության տարբեր շրջանակներն ինչպես ենգնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից։Խորհրդարանական լսումները հնարավորություն կտան հանրության լայն շերտերին, այդ թվում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, մասնագիտական ու ակադեմիականշրջանակներին, մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև հետաքրքրված քաղաքացիներին, մասնակցելու քննարկումներին ևներկայացնելու իրենց կարծիքները։