Կալանքից ազատվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ։ Եվ դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու։ Հանդիպումը կայացել է տանը» ,– ասաց Սողոմոնյանը։

Թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները, Սողոմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ զուտ անձնական հանդիպում է եղել։

Կալանքից ազատվելուց հետո Քոչարյանը նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է այցելել` ընթացիկ բուժզննման։

«Առանձնապես պատճառ չկար, պարզապես ընթացիկ բուժզննում էր, քանի որ, գիտեք, մի քանի ամիս դրա հնարավորությունը չի եղել»,– ասաց Սողոմոնյանը` վստահեցնելով, որ Քոչարյանը առողջական լուրջ խնդիրներ չունի։

Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել ՀՀ երկրորդ նախագահի հետագա անելիքներին ու քաղաքական ծրագրերին վերաբերող հարցին` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Ռոբերտ Քոչարյանն ինքը հանդես կգա հայտարարությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։