Կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, որ այդ դեպքերի ժամանակ կային, այնուամենայնիվ, շատ հարցեր: Ես հիմա չեմ ուզում բանակին և պաշտպանության նախարարությանը տարբեր բաներ ասել, բայց կային որոշ մտահոգություններ և այդ մտահոգությունների հետ կապված մենք պետք է ստուգենք ամեն ինչ: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում Սարդարապատում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմի դեպքերը բացահայտող հանձնաժողով ստեղծելուն:
«Հիշո՞ւմ եք նախկին վարչապետներից մեկը հայտարարեց, որ տանկի մեջ վառելիք չկար ու անհետևանք մնաց: Հանձնաժողովի նպատակը նման նախադեպեր չունենալու համար է»,-ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա որոշվեց այդ հանձնաժողովը ստեղծել, արդյոք կար քաղաքական նպատակ, Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հիմա այն փուլն է, երբ Ազգային ժոողվը լիակատար սկսել է գործել, այսինքն՝ ձևավորված են բոլոր հանձնաժողովները և պատկան մարմինները, որոնք կարող են զբաղվել տարբեր հարցերով, իսկ կապել դա քաղաքականի հետ, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որովհետև մենք քաղաքական երկիր ենք լինելու և քաղաքական գործընթացները մշտապես ակտիվ են լինելու»:
Դիտարկմանը, թե ովքեր են լինելու այդ հանձնաժողովի անդամները, Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ կմասնակցեն պաշտպանության հանձնաժողովի անդամները, իսկ կազմի հետ կապված որևիցե բան չեմ կարող ավելացնել, որովհետև դա դեռ չի քննարկվել, եթե ինձ առարակեն այդ հանձնաժողովում լինել՝ ես կհամաձայնվեմ»:
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ որոշ ուժեր դավադիր պատերազմ են հրահրում, ի՞նչ գնահատական կտա այս հայտարարությանը, Սիմոնյանը պատասխանեց. «Պատերազմ բառը չի նշանակում, որ դանակները, տանկերը վերցնելու ենք՝ գնանք մարդ սպանենք: Բոլորը լավ գիտեն, թե ինչ է կատարվում, ինչպիսի մեխանիզմներ են օգտագործվում, որպեսզի վարկաբեկեն այս կամ այն պաշտոնյային կամ այս կամ այն գործողությունը»: