Մարզասարքերի սերն ու գեղեցիկ մարմին ունենալը կարող են թանկ նստել տղամարդկանց վրա։ Համաձայն հետազոտությունների՝ ստերոիդների չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Նման ազդեցություն օրգանիզմի վրա ունենում են նաեւ ճաղատացման դեմ դեղամիջոցները։
«Տղամարդկանց 90 տոկոսը, որոնք ընդունում են ստերոիդներ, անպտուղ են դառնում»,- ասել է պրոֆեսոր Ալան Փեյսին Շեֆիլդի համալսարանից, տեղեկացնում է ВВС-ն։
Անաբոլիկ ստերոիդները տեստոստերոն հորմոնի ազդեցություն են նմանակում տղամարդու օրգանիզմում, դրա համար էլ դրանք օգտագործում են պրոֆեսիոնալ մարզիկների մկանային զանգվածի ավելացման համար։ Այնինչ, դրանք ազդում են անմիջապես հիպոֆիզի վրա՝ տպավորություն ստեղծելով, թե սերմնագեղձերը գործում են չափազանց ինտենսիվ։ Դրա հետեւանքով հիպոֆիզն իջեցնում է երկու հորմոնի՝ ֆոլիտրոպինի եւ լյուտեինացվող հորմոնի արտազատումը, որոնք առավել ակտիվ են մասնակցում սերմնահյութի արտազատմանը։
Հետազոտողները նշում են, որ նման մեխանիզմը նկատվում է տղամարդկանց մոտ, որոնք օգտվում են դեղորայքային միջոցներից ճաղատացման դեմ պայքարելիս։ Ֆինաստերիդը փոխում է տեստոստերոնի վարքը օրգանիզմում եւ կարող է իջեցնել մազերը կորցնելու արագությունը, սակայն դրա կիրառման կողմնակի հետեւանքները ներառում են իմպոտենցիա եւ սեռական ակտիվության թուլացում։
«Տղամարդիկ հաճախ են դիմում ստերոիդներին այն բանի համար, որպեսզի մեծացնեն մկանային զանգվածը եւ սուպերմենի տեսք ունենան։ Բայց իրականում նրանք իրենց մտցնում են էվոլյուցիոն փակուղի, քանի որ կենդանի սերմնաբջիջների քանակը նրանց մոտ հասնում է զրոյի»,- նշում է Բրաունի համալսարանի (ԱՄՆ) աշխատակից դոկտոր Ջեյմս Մոսմանը։