Ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվում էին լուսանկարներ, որտեղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շրջում էին «Կասկադ» համալիրի հարակից տարածքով և ուսումնասիրում տարածքը: Լուսանկարներին կից հրապարակված էր լուր, թե պատգամավոր Հայկ Սարգսյանը պատրաստվում է այդ տարածքում սրճարան բացել, այդ պատճառով հանդիպել է Կենտրոնի թաղապետի հետ, որպեսզի հնարավոր տարբերակները տեղում քննարկի
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանը ծիծաղելի համարեց շրջանառվող տեղեկատվությունը և մեկնաբանեց, թե ինչու էր թաղապետի հետ շրջում այդ տարածքով. «Կենտրոնի թաղապետի հետ շրջում էի Կասկադով, որտեղ նա լայնածավալ վերանորոգման աշխատանքներ է իրականացնում' մասնավորապես մայթերն են մեծացվում, թեքահարթակների համար են տարածքներն են նախատեսվում, ծառերն են էտել այդ տարածքի և Կասկադը բավականին գեղեցիկ է դարձել: Մեկ ամսից այն ավելի հարմարավետ և գեղեցիկ կլինի»,-ասաց նա:
Հարցին, թե ինչով կարող է պայմանավորված լինել վերջին շրջանում իր անվան շուրջ հյուսվող նմանատիպ լուրերը, պատգամավորը պատասխանեց.«Մենք աշխատում ենք հանուն ՀՀ-ի և քաղաքացիների շահերի, ինչը ձեռնտու չէ տարիներ շարունակ ի վնաս մեր պետությանն աշխատած մարդկանց: Նրանք փորձում են օգտագործել իրենց ձեռքի տակ եղած ռեսուրսները, ամեն օր աբսուրդ տեղեկատվություն տարածելով: Նպատակը շոու ստեղծելն է, որին ժողովրդի մի մասը կհավատա, մի մասը' ոչ»,-եզրափակեց Հայկ Սարգսյանը