«Տնտեսական հեղափոխությունը, որը հայտարարվեց հեղափոխության երկրորդ փուլ, շարունակվում է»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը:
Հարցին, թե ինչու հեղափոխության երկրորդ փուլը անվանվեց նաև դատաիրավական համակարգի փոփոխությունը, պատգամավորը պատասխանեց. «Տնտեսական հեղափոխության գործընթացը զուգահեռաբար ընթանում է: Անկասկած է, որ դատաիրավական համակարգը կարևոր ինստիտուտ է բոլոր պետություններում, հետևաբար, պետք է ապահովվի ազնիվ իրավահարաբերությունները: Մենք նկատեցինք, որ վերջին շրջանում դատաիրավական համակարգի ներկայացուցիչները ոչ միայն կողմ չեղան դրան, այլև թույլ տվեք ասել, որ զենք դարձան հակահեղափոխականների ձեռքին, որպեսզի ժողովրդի մոտ հնարավորինս հիասթափության ալիք բարձրացնեն և կարողանան անել իրենց անելիքը: Երբեմն ինձ ասում են, թե շատ խիստ եմ արտահայտվում, բայց ես չեմ կասկածում, որ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների գրեթե 95%-ը թաթախված է կոռուպցիոն գործընթացների մեջ: Ես չեմ դատապարտում, իհարկե, եթե որևէ մեկը հերոս է, թող հերոս լինի, բայց չպիտի պարտադրի մնացածին` հերոս լինել: Իրենք հերիք չի այդպիսին են, նաև չցուցաբերեցին որևէ տենդենց, որ իրենք ուզում են դուրս գալ այդ իրավիճակից»,-ասաց նա:
Աղազարյանը նշեց` վերջին իրադարձություններն ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն միջամտում դատական համակարգի որոշումներին, բայց մյուս կողմից էլ որևէ մեկի մոտ կասկած չկա համակարգի կոռումպացված լինելու բարձր աստիճանի հարցում: Անդրադառնալով մեկնաբանություններին, թե տնտեսական հեղափոխությունը չստացվեց, այդ պատճառով, դա մոռացության մատնելու համար առաջ բերվեց դատաիրավական համակարգը փոխելու հանգամանքը, պատգամավորը նկատեց. «Ես այդպես չէի ասի: Այս պահի դրությամբ, մենք տարեկան 9% տնտեսական աճի միտում ունենք: Ասեմ ավելին՝ 10%-ն արդեն ապահովում ենք տնտեսական հեղափոխության ճանապարհին: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե մենք ամեն տարի փորձենք պահել այդ սանդղակը, կարող ենք նաև հասնել 12%-ի և ավելիի, որը կհանգեցնի հենց տնտեսական եղափոխության: Ներդրումների իրականացման համար կարևոր է նաև դատաիրավական համակարգի փոփոխությունները, այսինքն՝ երկրի ներքին կայունությունը, արդար և ազատ դատակաիրավական համակարգը առաջնահերթ նախապայմաններից են ներդրումների, տնտեսական զարգացման համար »,- եզրափակեց Աղազարյանը:
Սիլվի Տիգրանյան