Այս օրերին լուրեր էին շրջանառվում, որ Ազգային ժողովում պատգամավորական մանդատը վայր դրած Նարինե Թուխիկյանին կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակից Արթուր Հովհաննիսյանը, որը կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն էր։ Նախկին լրագրող, պրոդյուսերը գործադիրից կտեղափոխվի օրենսդիր:
Ըստ տեղեկությունների՝ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կինը՝ «ԱՐ» հեռուստաընկերության նախկին լրագրող Անի Բաղդասարյանն էլ վերջերս տեղափոխվել է կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ և մեծ է հավանականությունը, որ հենց նա էլ կփոխարինի Արթուր Հովհաննիսյանին՝ զբաղեցնելով ՊՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնը:
Նկատենք, որ Արթուր Հովհաննիսյանն այն անձն է, ում անունը մի քանի անգամ առնչվել է մարիխուանայի հետ։ Վերհիշենք 2 տարի առաջ ունեցած միջադեպը, երբ նրան և ընկերոջը մարիխուանա պահելու համար բերման էին ենթարկել ոստիկանություն: Ընկերոջ մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված, նա խոստովանել էր, որ հայտնաբերվածը պատկանում էր իրեն, այնուհետև Հովհաննիսյանն ու ընկերը ստորագրությամբ բաց էին թողնվել։ Թերևս այսքանով ամեն բան սահմանափակվեց և դրանից հետո որևէ տեղեկություն չեղավ, թե ինչ ավարտ ունեցավ գործը։
Պարզելու համար, թե ի՞նչ ընթացք է ստացել Արթուր Հովհաննիսյանին և իր ընկերոջն առնչվող գործը, ԼՈՒՐԵՐ․com—ը զրուցեց Արթուր Հովհաննիսյանի հետ․ «Shamshyan.com-ում հրապարակված նյութից ավել տեղեկություն հաղորդել չեմ կարող, ինչ կա՝ այնտեղ գրված է։ Իմ ուղևորի մոտ է ինչ-որ բան հայտնաբերվել և այդքանով սահմանափակվել է։ Ոչ մի քրեական գործ չի հարուցվել»,-նշեց Հովհաննիսյանը։
Ավելին, այս դեպքից հետո էլ Արթուր Հովհաննիսյանն իր հաղորդումներից մեկի ժամանակ, որի հյուրը այն ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն էր, «հարցակոխ» էր անում նրան մարիխունայի օրինականացման մասին՝ հիշեցնելով նրան, որ ասել է, թե ժամանակին օգտագործել է մարիխուանա և հարմար առիթի դեպքում էլի կօգտագործի (տեսանյութը՝ ներքևում, 23:30-ից): Նշենք, որ հենց Ալեն Սիմոնյանն էր, ով Երևանի ավագանու (նախորդ գումարման) «Ելք» խմբակցության անդամ եղած ժամանակ խոսեց Մարիխուանայի «լեգըլայզի» վերաբերյալ ու հենց այս փաստն էլ թերևս կապել է այս անձանց միմյանց հետ սիրելի թեմաների մասին խոսելու համար։