ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դատական համակարգի լեգիտիմության խնդիր է տեսնում։ Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետը խոսեց՝ անդրադառնալով դատական համակարգի՝ ժողովրդի վստահությունը չունենալուն։

«Դատական համակարգի վերաբերյալ ես իմ գնահատականը տվել եմ։ Ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել հետևյալ հանգամանքի վրա՝ ես ասել եմ, որ չեմ կարող գնահատել որևէ դատական ատյանի որևէ որոշման օրինականությունը կամ ապօրինությունը, ոչ թե, որ կարծիք չունեմ, այլ դա իմ իրավասության մեջ չի մտնում և զերծ եմ մնում։ Բայց փաստն այն է, որ այսօր ՀՀ դատական համակարգը չունի ժողովրդի վստահությունը։ Հայաստանի Սահմանադրությունն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է հանրաքվեների, ընտրությունների, սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների միջոցով։ Եվ, հետևաբար, տրամաբանությունն այն է, որ Հայաստանում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը չի բխում ժողովրդից։ Այսօր փաստ է, որ Հայաստանում դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից և լեգիտիմության խնդիր ունի։ Հիմա այսօր դատական համակարգն ո՞ւմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում։ Սա ամենակարևոր հարցն է։ Չի ներկայացնում ժողովրդին, և հետևաբար մեր դատաիրավական բարեփոխումների ամբողջ գործընթացի տրամաբանությունը պետք է լինի այն, որ դատական համակարգը պետք է ներկայացնի ժողովրդին։ Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ոչ վարչապետը, ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը, ոչ քաղաքացիները չքննարկեն։ Իհարկե, այդ որոշումը կարող է սահմանված կարգով բողոքարկվել, բայց մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որ դատական համակարգի որևէ որոշում հանրության մեջ ցնցումներ չառաջացնի։ Մեր խնդիրը հենց դա լուծելն է»,- ասաց վարչապետը։

Խոսելով Քոչարյանի և մյուսների գործի ընթացքի մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը ի պաշտոնե որևէ իրավական գնահատական չի կարող տալ։

«Ինձ թվում է, որ ինքներդ հասկանում եք, որ ես չեմ կարող իրավական գնահատական տալ որևէ իրավիճակի, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ ամեն ինչ ընթանում է բնականոն ընթացքով, այսինքն՝ բոլորի բոլոր իրավունքները պաշտպանված են, մնացած իրավական հարցերի լուծումը պետք է տրվի համապատասխան ընթացակարգերով և վարչապետի լիազորությունների մեջ բարեբախտաբար, թե դժբախտաբար չի մտնում այդպիսի հարցեր լուծելը»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել Սահմանադրական դատարան:
 
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր: Մայիսի 18-ին դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց՝ հաշվի առնվելով Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությունը: