ԼՈՒՐԵՐ․com ահազանգած քաղաքացու խոսքով՝ «ինքը դարձել է «Էվոկաբանկ»-ի խաբեության զոհը»: Նա, մասնավորապես, պատմեց, որ որպես երիտասարդ ընտանիք՝ հիփոթեքով տուն են ձեռք բերել «Էվոկաբանկ»-ի միջոցով, սկզբում ցածր տոկոսադրույքով, սակայն 1-2 ամիս անց իրենց ասել են, որ պետք է շատ ավելի բարձր տոկոսներ վճարեն, քանի որ իրենք ոչ թե Երևանի, այլ Սիսիանի քաղաքացի են:
«Ներկայացրինք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ասացինք, որ ապրում և աշխատում ենք Սիսիան քաղաքում, և վարկը ձևակերպեցինք։ Մենք ունեինք տան գումարի 30% կանխավճարը, բանկն էլ համաձայնություն տվեց և 2018թ. դեկտեմբերի 27-ին, անհրաժեշտ ձևակերպումներն անելուց հետո, տրամադրեցին ամբողջ գումարը, որպեսզի վճարենք տունը վաճառողին։ Ամսական տոկոսադրույքը կազմում էր 4․8%։ Սակայն առաջին ամսվա մուծումից հետո մեր գործով զբաղվող բանկի կառավարիչը հայտնեց, որ պետությունը մեր 2%-ը չի վճարում, չի սուբսիդավորում և պետք է իրենց ներկայացնենք թուղթ, որ Երևանում ենք աշխատելու, այնինչ մենք նախապես ասել էինք, որ ես զինվորական եմ և նման թուղթ չեմ կարող բերել։ Հետո առաջարկեցին նոր պայմանագիր կապել՝ եղբորս անունով, ինչին մենք չհմաձայնեցինք։ Եթե պետությունը 2%-ը չի սուբսիդավորում, դա մեր մեղքը չէ, չէ՞ որ իրենք մեր թղթերը նայել են, տեսել են՝ ամեն ինչ նորմալ է, մեզ վարկ են տրամադրել։ Մեզ ասացին՝ եթե այդ 2 %-ը չվճարենք, կանցնենք սև ցուցակ, ստիպված՝ երկրորդ ամսից սկսեցինք վճարել 6.8%-ով: Մտածում էինք՝ այլ բանկ տեղափոխենք մեր գործարքը, բայց չի ստացվում, որովհետև բոլորը բարձր տոկոսով են տալիս գումար»,-ասաց մեզ ահազանգած Արգիշտի Աշոտյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ ամսվա վճարման ժամանակ բանկից կրկին զանգահարել են և հայտնել, որ վճարը դառնալու է 18%, որը նախատեսված է ոչ թե երիտասարդ ընտանիքների համար, այլ մյուս շահառուների․ «Ստացվում է, իրենք չեն նայել, որ մենք Սիսիանում ենք աշխատում, տրամադրել են տունը, հիմա էլ ասում են՝ կամ տունը վաճառեն մեր գումարը վերադարձնեն, կամ վճարենք 18%-ով։ Այսինքն՝ մենք այլ պայմաններով ենք ձևակերպել, հիմա կրկնակի տոկսներ են պահանջում, որը չենք կարող վճարել: Ես զինվորական եմ, իմ և կնոջս աշխատավարձն այդքանի չի հասնում, որ կարողանանք վճարել, եթե հնարավորություն ունենայինք, ոչ թե 35 000 դոլարանոց տուն կառնեինք, որի 10 500-ը կանխավճար ենք տվել, այլ ավելի թանկարժեք ու ավելի լավ տուն կառնեինք»,- նշեց Արգիշտի Աշոտյանը:
ԼՈՒՐԵՐ․com-ը մեկնաբանություն խնդրեց նաև «Էվոկաբանկ»-ից։ Այստեղից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորման ենթակա չեն այն վարկերը, որոնց դեպքում ամուսինները չեն պատրաստվում մշտական բնակության անցնել ձեռք բերվող բնակարանում կամ բնակելի տանը։
«Էվոկաբանկ»-ի ամբողջական պատասխանը՝ ստորև․
Սոնա Հարությունյան