Այսօր լրագրողների զրույցում հարցին, թե արդյոք գործող իշխանությունը կոշտացնում է ՌԴ-ի հանդեպ դիրքորշումը, Միրզոյանն ասաց. «Մենք կոշտ դիրքորոշում ունենք աշխարհի բոլոր երկրների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու որևէ փորձի հետ կապված։ Մենք՝ ես ինքս, ՌԴ դեսպանի հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել և բազմաթիվ հարցեր ենք քննարկել, այդ թվում խոսել ենք փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին»։

Միրզոյանն ընդգծեց, որ խոսքը նրա մասին չէ, թե որևէ երկրի դեսպան չպիտի հանդիպի հայաստանյան քաղաքական ներկապնակի որեւէ առանձին ներկայացուցչի հետ, խոսքն այն մասին է, որ հանդիպում է մի մարդու հետ, որի հանդեպ լուրջ մեղադրանք է առաջադրված. «Կա դատական գործընթաց, որի շրջանակներում որևէ նման ակնարկ կամ հանդիպում կարող է դիտվել միջամտություն։ Դասական քաղաքական գործի մասին չէ խոսքը։ Մի քիչ այլ քաղաքական գործիչ է, որովհետեւ շատ լուրջ մեղադրանք կա»,- ասաց Միրզոյանը։

Այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող Սամվել Կարապետյանը հանդիպել է Նիկոլ Փաշինայնի հետ, Միրզոյանն ասաց. «Ես բարի նախանձով եմ լցվում ձեր՝ շատ քիչ փաստերից աշխարհացունց հետևություններ անելու տաղանդի հանդեպ: Ես կարծում եմ, որ լավ է նման հանդիպումը, նախկինում էլ են եղել նման հանդիպումներ այլ երկրների հետ։ Խոսակցության թեմային մանրամասն տեղյակ չեմ, բայց որքանով տեղյակ եմ՝ խոսքը եղել է տնտեսական ծրագրերը շարունակելու, Հայաստանի տնտեսական աշխուժության, ինչ-որ լուրջ ներդրումների մասին»:

 

Ասպրամ Փարսադանյան