Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի՝ իր լիազորությունները: Հայրապետյանը նշել է, որ ՔՊ կուսակցության վարչության անդամ ընտրվելուց հետո ժամանակային առումով չի հասցնում, այդ պատճառով որոշել է հրաժարվել Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնից:

Հասկանալի է, որ եթե պաշտոնը ստանձնելու պահից այս վեց ամիսների ընթացքում Հայրապետյանը բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորեր, ապա վարչության կազմում ընտրվելը չէր կարող միջազգային հարթակում նրա «բեղուն» աշխատանքի շարունակման խոչընդոտ հանդիսանալ: Հայրապետյանը շուրջ կես տարի ղեկավարելով հայկական պատվիրակությունը, չի արել գեթ մեկ կարևոր հայտարարություն, չի ունեցել գեթ մեկ կառուցողական ելույթ, որը հնարավոր կլիներ գրանցել իր հաշվին: Տպավորություն էր, որ Հայրապետյանը ոչ թե Եվրանեսթի նիստերին էր մասնակցում, այլ Եվրատեսիլին, որտեղ էլ առաջնորդվում էր մեզ համար հարազատ դարձած՝ կարևորը մասնակցությունն է կարգախոսով: Մինչդեռ մեր հարևան պետություններն այդ ընթացքում հետևողականորեն առաջ էին մղում իրենց օրակարգերը:

Կասկած անգամ չկա, որ Հայրապետյանի հրաժարականը թիմի ներսում կայացված քաղաքական որոշման արդյունք է, քանի որ իմքայլական պատգամավորը դժվար «հանդգներ» ինքնուրույն նման պատասխանատու քայլերի դիմել: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կտրուկ հրահանգել է կուսակցական ակտիվին՝ տեղերում ավելի պրոդուկտիվ աշխատել. հակառակ դեպքում՝ մոտ է այն օրը, երբ քաղաքական թիմը կկանգնի փաստի առաջ: Իսկ այդ փաստը ոչ այլ ինչ է, քան քաղաքական «պռավալ»: Իշխանական կադրերի ձախողումներն ակնառու են՝ մարզպետներից մինչև ավագանի: Հասկանալի է, որ միջազգային հարթակում Հայաստանը ներկայացնելու գործուղված իմքայլականները դրական առումով չեն տարբերվում ներքաղաքական թատերաբեմում գործունեություն ծավալող իրենց գործընկերներից: Իրենց պատվիրակությունների հետ խնդիրների են բախվել թե՛ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, թե՛ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում մեր պատվիրակությունը գլխավորող Հայկ Կոնջորյանը: Շուրջ մեկ տարի իշխանության ղեկը ձեռքում պահող քաղաքական ուժից հանրության սպասելիքները ավելին էին, հիասթափությունը՝ ակնհայտ, իսկ վարչապետ Փաշինյանի վարկանիշի վրա երկար հույս դնել հնարավոր չէ՝ հատկապես, որ այդ վարկանիշն էլ ըստ վերջին սոցհարցումների՝ օր օրի նվազում է:

Հետևաբար, իշխանական թիմին այլ բան չի մնում, քան գնալ ռեստարտի, կադրային փոփոխությունները, այդ թվում՝ Հայրապետյանի հրաժարականը ամբողջությամբ տեղավորվում են այդ գործընթացի տրամաբանության մեջ: