«Ես միանշանակ կապ չունեմ Ջանգիր Ասադյանին ծեծի ենթարկելու հետ։ Նա հոգեկան խնդիրներ ունի և պարբերաբար կոնֆլիկտներ է ունենում հարևանների հետ։ Այդ օրը կրկին վիճել էր իր հարևանի հետ, վերջինս եկել էր գյուղապետարան այդ մասին հայտնելու։ Ես և թաղայինը այցելեցինք նրան, ասացինք՝ «խելոք մնա»։ Այսօր առավոտվանից կայքերում կարդում եմ, թե ես Երևանում ծեծի եմ ենթարկել նրան, շանը կծել եմ տվել, բայց նման բան չկա, հունիսի 18-ին  ես անգամ Երևանում չեմ էլ եղել, եղել եմ Արմավիրում: Իր վրա իսկապես շան կծածի հետքեր եղել են։ Դրանից հետո էլ իրեն չեմ տեսել ու այս պահին էլ ոչ ոք չգիտի՝ ուր է, ասում են՝ ինչ-որ մեքենա է նստել-գնացել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Երասխահուն համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը՝ հերքելով տարածված տեղեկությունները, թե ինքը ծեծի է ենթարկել իր համագյուղացի Ջանգիր Ասադյանին:

Գյուղապետը նշեց՝ Ջանգիր Ասադյանը գրանցված հաշվառված հոգեկան հիվանդ է, բուժումներ է ստանում և արդեն քայլեր են ձեռնարկում հոգեբուժարան ուղարկելու համար։

«Իր հետ ոչ ոք չի ապրում, երբեմն տղան է գալիս, գնում։ Տղան անգամ ներողություն խնդրեց ինձանից այս ամենի համար։ Ասաց նաև, որ առավոտյան հայրը նաև իր վրա է հարձակված եղել»,- ասաց Ավետիսյանը: 

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, շան կծած վերքեր, նստային ձախ կեսի սալջարդ, ազդրի միջին երրորդականի շրջանի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ վիրավորն Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 56-ամյա Ջանգիր Ասադյանն է, ով ոստիկաններին հայտնել է, թե վնասվածքներն ստացել է Երևանում ծեծի ենթարկվելու և շան կծելու հետևանքով:

Հայտնի է դարձել, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում գտնվող «Արևելյան Խոհանոց» ռեստորանային համալիրի մոտ Ջանգիր Ասադյանի հետ վիճաբանել է Երասխահուն գյուղի բնակիչ, համայնքապետ, 54-ամյա Արմեն Ավետիսյանը, ում ուղղորդմամբ վիճաբանությանը մասնակցել են 3 երիտասարդներ, որոնց կողմից ծեծի ենթարկվելու և շան կծելու հետևանքով Ջանգիր Ասադյանն ստացել է մարմնական վնասվածքներ։