Հայաստանում չի լինելու վեթթինգի մասին մեկ օրինագիծ, որով ամբողջ հարցերը վերջնական կլուծվեն, վեթթինգը տարբեր իրավական կարգավորումների, տարբեր գործիքների համալիր է, որը կարող է դրսևորվել տարբեր օրենսդրական նախաձեռնություններում: Դատարանների, դատավորների անաչառությունը ապահովող գործընթացը պետք է լինի մշտական և երբեք չավարտվի: ԱԺ ամբիոնից նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վեթթինգի մասին ընդդիմադիր գործընկերների հարցադրումներին, ելույթներին:

 

Միրզոյանն իր ելույթը վերնագրեց «Չափազանց համառոտ ակնարկ դատաիրավական բարեփոխումների, անհասկանալի օտարածին բառով վեթթինգի գործընթացի, հասարակության ակնկալիքների և հեղափոխության ստանձնած պարտավորությունների և ԲԴԽ անդամի թեկնածության մասին»:

 

«Վեթթինգը գործընթաց է, որը կարող է տևել 1 տարի, 2 տարի կամ 3 տարի: Վեթթինգը՝ դատարանների, դատավորների անաչառությունը ապահովող գործընթացը պետք է լինի մշտական և երբեք չավարտվի: Մենք ունենք այդպիսի մարմին, որին օժտել ենք գործառույթներում, դա բարձրագույն դատական խորհուրդն է, որը պետք է համապատասխան քննություններն աներ: Սակայն ինչպես բազմաթիվ օրենքներ, գրված է եղել մի բան, իրականությունը եղել է այլ: Եվ մենք, ցավոք, պետք ոլորտ առ ոլորտ այդ շտկումներն անենք: Մեծ հաշվով, եթե շատ ֆորմալիստական մոտեցում չցուցաբերենք, ոչ թե վեթթինգ է, այլ առողջացման, զտման գործընթացի մի դրսևորում: Առհասարակ վեթթինգ ասելով պետք է հասկանանք տարբեր իրավական կարգավորումների, տարբեր գործիքների համալիր, որոնք կարող են տարբեր օրենսդրական նախաձեռնություններում դրսևորվել: Չի լինում մի օրինագիծ, որի վրա մեծ տառերով գրված կլինի «Վեթթինգի մասին օրենք»: Օրինակ իմ հեղինակած օրենքի նախագծում առաջարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տալ մի նոր գործառույթ՝ դատավորների բարեվարքության մասին եզրակացություն անել: Սա ևս վեթթինգի մի մաս է: Չկա դարակում պահած մի բան, որը Լուսավոր Հայաստան խմբակցությունից գաղտնի է պահվում, որը պետք է վերջին պահին կգա ու արագ կդնենք կքվեարկենք »,-վստահեցրեց Միրզոյանը:

 

Նա նկատեց՝ ակնհայտ է, որ հասարակությունը դատաիրավական բարեփոխումների, դատական ոլորտի առողջացման շատ լուրջ ակնկալիքներ ունի: Միրզոյանը շեշտեց՝ հասարակությունն ունի լուրջ անվստահություն դատական իշխանության նկատմամբ, այս անվստահությունը ձևավորվել է առնվազն 2 տասնյակից ավել, ունի հիմքեր, և հիմա պետք է տան լուծումներ: «Իհարկե կան ակնկալիքներ՝ մի հրաշագործ համադարման ունենալու, որը կլինի մի փաստաթղթի տեսքով, որի վրա գրված կլինի Վեթթինգի մասին ՀՀ օրենք, և այդ օրենքն ընդունվելուց հետո բոլոր հարցերը միանգամից կլուծվեն»,-ասաց ԱԺ նախագահն ու վստահեցրեց, որ այդպիսի բան չի լինելու:

Նա վստահեցրեց, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների և դատական իշխանության առողջացման գործընթացն իրականացվելու է բացառապես օրինականության, սահմանադրականության, իրավունքի գերակայության և ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում: Այսպիսով' Միրզոյանը շեշտեց, որ վեթթինգի համար ԼՀԿ-ի առաջադրած սկզբունքներից առաջինն ընդունելի է:

 

Միրզոյանը նկատեց նաև, որ ոչ թե իշխանության հորդորով, այլ դատավորների ընդհանուր ժողովի արդյունքում ընդունվեց հայտարարություն, որում ֆիքսվեց ԲԴԽ-ի անգործությունը: Նա չափազանց կարևոր համարեց, որ դիսկուրսը հենց դատավորների շրջանակում է ձևավորվել: «Եվ հենց այս հայտարարությունից հետո է, որ ԲԴԽ տարբեր անդամներ սկսեցին հրաժարական տալ՝ ըստ էության համաձայնվելով հասարակության ներկայացրեց կարծիքին: Շատ լավ է, որ ինքնամաքրման գործընթաց է ընթանում դատական իշխանությանը: Եվ մենք հիմա առաջադրում ենք թեկնածուներ, որոնք կգան համալրելու այս կազմը, որը կկարողանա աշխատել այնպես, ինչպես սահմանված է օրենքով»,-նշեց Միրզոյանը:

 

Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ իր ելույթում նկատել էր, որ Հայաստանում բոլորը խոսում են վեթթինգից: «Սակայն երբ փորձում եսհասկանալ, թե այն Հայաստանում կոնկրետ ինչ գործիքակազմով է իրականացվելու, այդ հարցիպատասխանը որևէ մեկից, այդ թվում ԲԴԽ անդամ թեկնածուից չկարողացանք ստանալ: Փորձեցիք գուգլում տեսնել, թե վեթթինգը որ երկրում ինչպես է իրականացվե»,-նշել էրԶոհրաբյանը:

 

Նա նշել էր, որ տպավորությունն այն է, որ վեթթինգի մասին բոլորը լսել են, բոլորը սպասում են, բայց որին որևէ մեկը չի տեսել, իսկ երբ փորձում են քաղաքական մեծամասնությունից ստանալ վեթթինգի վերաբերյալ օրենքի նախագիծը, որևէ կերպ չեն կարողանում ստանալ: Զոհրաբյանի կարծքիով՝ իր ողջոխոհ կասկածները, որ վեթթինգի նախագիծն առնվազն ԱԺ-ի շենքում չի գրվում, հաստատվում են: