ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իրավաչափ է համարում Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին հայտարարությունը: Այս մասին Միրզոյանն ասաց հունիսի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

 

«Կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը շատ հիմնավոր կերպով ասաց, որ Սահմանադրական դատարանում երկու դատավոր կա, որոնցից մեկը կարծես թե հանրապետությունից բացակայում է, հետևաբար պարտականությունները ինչ-որ մեկը պե՞տք է կատարի, թե՞ ոչ»,- ասաց Միրզոյանը:

 

Հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը:

 

«…ՍԴ-ի դատավորի երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը այս օրերին բացակայում է երկրից, ես ստանձնելով ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ-ի անդամների հետ խնդիրները քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ...»,-նշել էր Գրիգորյանը: