«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում և այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է, որևէ առաջնային նշանակություն չունի: Այդ գործը հանձնված է արդարադատությանը, որն էլ իր գործը կանի»։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«ԼՀԿ» մեկ այլ պատգամավոր՝ Կարեն Սիմոնյանն էլ հավելեց, որ բոլոր քաղաքացիները հավասար են, և որևէ մեկը չպիտի առավելություն ունենա, նույնը՝ նաև այս դեպքում։ Կարեն Սիմոնյանը հավելեց, որ տեղի է ունենում մրցակցային դատավարություն՝ կողմերը իրավունք ունեն բողոքարկել բոլոր որոշումները․ «Հավասար պայմաններում են գտնում և՛ դատախազությունը, և՛ մեղադրյալ կողմը: Սովորական դատավարական գործընթաց է ու իմ կարծիքով՝ այլ դատավարություններից որևէ բանով չպետք է տարբերվի: Այսինքն՝ նույն ընթացակարգերը իրավական՝ պետք է պահպանվեն, և ինձ թվում է՝ այդ ամենը, ընդհանուր առմամբ, տեղի է ունենում»,-ասաց պատգամավորը։