«Հողը գտնվում է համայնքային ենթակայության տակ, որի վրա օրենքով սահմանված կարգով գործունեություն ծավալելու համար որոշումը կայացնում է համայնքի ավագանին։ Օշականի «Հին ջրաղաց» հանգստյան գոտու դեպքում նման որոշում, թույլտվություն չի եղել և եղել է օրենքի խախտմամբ։ Ես համայնքի ղեկավարին հորդորեցի քայլեր ձեռնարկել, որպեսզի ինչն ապօրինի դրվել է հնարավորինս արագ ապամոնտաժվի, ինչի հետ կապված արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը' անդրադառնալով Պատմամշակութային հուշարձան համարվող Աշտարակի միջնադարյան կամուրջը՝ Քասախ գետի ափին, «Հին Ջրաղաց» հանգստյան գոտու վերածելու հարցին։
Հարցին՝ հանգստյան գոտու տաղավարները ևս ապամոնտաժվելու են, թե միայն լողավազանը, որը տեղադրված էր անմիջապես Քասախ գետի ափին՝ մարզպետը պատասխանեց․ «Իրավական հիմքը պետք է հասկանանք։ Եթե իրավական հիմք կա խնդիրը բարդ կլինի, եթե չկա՝ շատ ավելի հեշտ է։ Մեզ համար կարևոր են հուշարձանների պահպանության գոտում գտնվող տարածքների հանդեպ ուշադրությունը և չենք կարող թույլ տալ, որ այնտեղ ապօրինություն լինի»։
Վերջին շրջանում շատ ու շատ խնդիրների մասին բարձրաձայնվում է սոցիալական ցանցերում և հաճախ դրանք լուծում են ստանում համացանցի աղմուկից հետո միայն։ Դիտարկմանը, թե սա այդ դեպքերից էր՝ մարզպետը հակադարձեց․ «Անկեղծ ասած, եկել է գրություն, որին ընթացք ենք տվել։ Եթե հողը համայնքային ենթակայության է, մարզպետարանն ուղիղ գործառույթ չունի անելու՝ ապամոնտաժելու հրահանգ տալու։ Բայց եթե մարզում խնդիր կա, դրա լուծողը ես պետք է լինեմ»,- նշեց նա։
Թե ում է պատկանում հանգստյան գոտին՝ հարցին ի պատասխան Գևորգյանն ասաց, որ շշուկներով չի առաջնորդվում, սակայն ինքը տվյալ անձնավորությանը չի ճանաչում և հստակ չգիտի, թե ով է․ «Ինձ համար էական չէ՝ ով է։ Ով ուզում է լինի, օրենքի խախտումով հաստատ գործունեություն չի ծավալելու։ Մենք գործարարի կողքին ենք, բայց օրենքի ու սահմանադրության կողքին ենք առաջին հերթին»,- ասաց Գևորգյանը։
Մեր այն հարցին, թե հատկապես ամռան շրջանում Աշտարակի ձորում և այլ վայրերում բազմաթիվ հանգստյան գոտիներ են գործում, արդյոք ուսումնասիրություն արվո՞ւմ է՝ տեսնելու որքանով են դրանք օրինականության դաշտում գործում՝ մարզպետն ասաց․ «Մարդը տարիներ շարունակ ներդրում է արել, ինչ-որ գործունեություն է ծավալել: Հաշվի ենք առնում բազմաթիվ գործոններ, աչքներս փակ րոպե առաջ օրենքով շարժվելով չէ, որովհետև կան նաև իրավական, օրենքի բացեր կան, որը դժվարացնում է ինչ-որ պրոցես անելու։ Խնդիրը բազմաշերտ է։ Բազմաթիվ դեպքեր են եղել, հետաքրքրվել ենք, որ ապօրինի է, շինարարություններ են դադարեցվել, կառույցներ են ապամոնտաժվել»,- ասաց Արագածոտնի մարզպետը։
Սոնա Հարությունյան