Վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվեցին անանուն պատմություններ, որտեղ մարդիկ պատմում էին իրենց հետ պատահած բռնության դեպքերը: Երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայերին բռնարարության մեջ մեղադրողներին քննադատել էր, ինչից հետո իր կարծիքի հանդեպ ցուցաբերվեց ծայրաստիճան անհանդուրժողականություն, ընդհուպ մինչև պահանջեցին պատգամավորական մանդատը վայր դնել:
«Երկու օր էլ ուզում էի հասկանալ, թե էս ինչն է պատճառը , որ մի քանիսը սկսել են հիշել իրենց պատմությունները: Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք էդ մասին: Բավակա՛ն է էպիզոդները ներկայացնեք որպես ազգային նկարագիր՝ հանուն ձեր գաղափարների տարածման : ՉիԱՆՑՆԵԼՈՒ!!! »,- գրել էր պատգամավորը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, ինքն էլ որպես մասնագետ կարող է փաստել՝ երկրում կա բռնություն, կա նաև սեռական բռնություն և դա արդեն երկար տարիներ շարունակ: Միևնույն ժամանակ, ատգամավորը նկատում է, որ 2010-2011 թվականներից սկսած Հայաստանում շատ լուրջ սկսել են զբաղվել այս խնդրով: Ըստ նրա՝ հատկապես մանկահասակ երեխաների՝ սեռական բռնության դեպքերը նվազել են, մնացել է մոտավորապես 10 տոկոսը:
«Ստացվում է, որ մենք այդ պատմություններով բռնության ենք ենթարկում այն մարդկանց, ովքեր իրականում զերծ են այդ ամենից: Այդ պատմությունները կարդում են մարդիկ, ովքեր կարող են գերէմոցիոնալ լինել: Շատ մեկնաբանություններում գրում են, որ ամբողջ գիշեր չեն քնել, լաց են եղել և այլն: Նման ալիքներ ստեղծելով, կոպիտ ասած, հանրությանը բռնության են ենթարկում, քանի որ նրանց մի մասը հոգեբանորեն պատրաստ չէր կարդալ դրանք»,- ասաց նա:
Իր խոսքում՝ պատգամավորը նշեց, որ այս ամենի մեջ ներգրավված են մարդիկ, ովքեր ունեն ծայրահեղական մոտեցումներ: Մասնագետներից մեկն ասել է, թե ինքն ամեն օր ընդունում է 8 մարդու, ովքեր ենթարկվել են սեռական բռնության: Հովսեփյանն ասում է, եթե այդ վիճակագրությունը համարենք ճիշտ և ընդունենք, որ մեկ մասնագետի մոտ ամեն օր 8 դեպք է գրանցում, ուրեմն կստացվի, որ Հայաստանում սեռական բռնության են ենթարկվել բացառապես բոլոր աղջիկ երեխաները:
«Այն մարդիկ, ովքեր որոշ ծայրահեղական մոտեցումներ ունեն, այսպես ասած, հարձակվեցին ինձ վրա և մանդատս վայր դնելու պահանջ ներկայացրին: Իմ մանդատին հասել եմ քաղաքացիների շնորհիվ և միայն նրանք կարող են պահանջել իմ հրաժարականը»,- ասաց նա:
Թե ինչպիսի վերաբերմունք կա խմբակցությունում՝ Հովսեփյանի տարբերվող կարծիքի վերաբերյալ, պատգամավորն ասաց.
«Անկեղծ ասած որևէ քննարկում չի եղել, քանի որ ոչ աշխատանքային օրեր են, բայց որևէ մեկը որևէ բան ասել չի կարող, մենք միայն կարող ենք քննարկել՝ ինչո՞ւ է մեկս կողմ, մյուսը՝ դեմ: Յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ իր կարծիքը»:
Խոելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ պատգամավորն ասաց, որ որևէ քննարկում չի ունեցել, այդ մասին խոսք անգամ չի եղել և ինքն ունի իր հստակ դիրքորոշումը կոնվենցիայի վերաբերյալ, սակայն կհայտնի այն ժամանակ, երբ սկսվեն քննարկումները:
Հնչող կարծիքներին, թե Ստամբուլյան կոնվենցիան նախորդ իշխանություններից ստացված ժառանգություն է և հնարավոր չէ խուսափել դրանից, Հովսեփյան ասաց.
«Ոչ, չկա նման բան: Նախկին իշխանությունը շատ արատավոր բաներ է արել, որը մեր իշխանությունը ուղղակիորեն մերժեց և մենք մեզ հետ բերեցինք նոր որակներ, մտածողություն: Նախորդ իշխանությունը կառավարական մակարդակով ստորագրել է, բայց մենք կարող ենք օրենսդրական մակարդակում չընդունել դա, որևէ պարտավորություն չկա»: