Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորված 5 քաղաքացիներից երեքին տեղափոխում են Հայաստան: Lրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «5 վիրավորներից երկուսը ծանր վիճակում են, երեքի վիճակը համեմատաբար լավ է, նրանց հիմա տեղափոխում են Հայաաստան: Այնտեղից իրենք շտապօգնության մեքենայով վիրավորներին բերում են սահման, որտեղից մեր շտապօգնության մեքենան նրանց կտեղափոխի Հայաստան»,- ասաց Ցոլակյանը:
Նա չբացառեց, որ մյուս երկու վիրավորներին էլ հուլիսի 8-ին կամ 9-ին Հայաստան տեղափոխեն սանիտարական ուղղաթիռով:
Ցոլակյանը կարծիք հայտնեց, որ Վրաստանում տեղի ունեցած վթարի մեղավորը վարորդն է:
«Այստեղ սխալը իմ կարծիքով վարորդից է գալիս: Փոքր մեքենա է եղել, որի մեջ 8 մարդ է եղել, բեռնախցիկում երկու երեխա է տեղափոխել: Սա արդեն խոսում է այն մասին, թե ինչքան անզգույշ, անտարբեր վարքագիծ է: Ես կոչ եմ անում բոլորին, որ զգույշ լինեն նման հարցերում»,- նշեց ՀՀ ԱԻ նախարարը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։
Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (42 տ.), Ա.Մ.-ի (7 տ.) և Է.Մ.-ի (15 տ.) դիերը:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Ա.Մ.-ն (43 տ.), Ռ.Մ.-ն (13 տ.), Մ.Մ.-ն (31 տ.), Լ.Մ.-ն (15 տ.) և Մ.Մ.-ն (13 տ.) հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ:
Բժշկական կենտրոններից ստացված նախնական տեղեկության համաձայն՝ Մ.Մ.-ն (31 տ.) գտնվում է Գորիի ԲԿ-ում, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ.Մ.-ն և Մ.Մ.-ն տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Քարելիի ԲԿ-ում գտնվող Ա.Մ.-ի և Ռ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, վերջիններս նույնպես տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: