Մեկ տարի առաջ, երբ Գնել Սանոսյանը նշանակվում էր Գեղարքունիքի մարզպետ, շատերը պնդում էին, որ մինչ մարզպետ նշանակվելը՝ բնապահպանության նախարարի տեղակալ աշխատելը և Սևանի բնապահպանական խնդիրներին մանրամասն տեղյակ լինելն ավելի կօգնի մարզպետի կարգավիճակով լուծել այդ խնդիրները: Այսօր, երբ Սևանը կանգնած է էկոլոգիական աղետի շեմին, հասկանալի է դառնում, որ Սանոսյանի մասնագիտական ունակությունները իրավիճակը չեն փրկում, ավելին, մարզպետի հայտնած մտքի գոհարները կարող են մրցել Կիևի քաղաքապետ Կլիչկոյի հայտնի մտքի գոհարների հետ: Օրինակ՝ Սանոսյանը հայտարարում է, որ Սևանը իհարկե այնքան մաքուր չէ, սակայն այնքան էլ կեղտոտ չէ: Փաստացի սա հավերժական դիլեմայի տրամաբանության մեջ է. բաժակը կիսով չափ լի՞ է, թե՞ կիսով չափ դատարակ: Մարզպետը, ինչպես երևում է, լավատեսների շարքին է դասվում, սակայն ո՞ւնի նա արդյոք հիմքեր այդ լավատեսության համար»:
Ի՞նչ է արել մեկ տարվա ընթացքում Գնել Սանոսյանը որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից: Վերջինս ամեն ինչի համար ժամանակ գտնում է, հատկապես՝ աջ ու ձախ դասեր տալու համար: Օրինակ՝ Սանոսյանը կարող է հաթաթա տալ Հրանտ Բագրատյանին, ով անխոս, անկախ ամեն ինչից շատ ավելի մեծ ավանդ ունի այս երկրի զարգացման գործում, քան պարապությունից ՖԲ գրառումներ անող մարզպետը: Կարող է նույն սոցիալական հարթակներում հաթաթա տալ ԽՍՀՄ, Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին:
Կամ շնորհակալագրով պարգևատրել սեփական դստերը՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բարի ավանդույթները շարունակելով: Կամ տեղադրել ավտոմեքենայից աղբ նետելը պատկերող լուսանկար և այն մակագրել հերթական փնթին, ինչպես երևում է, Սանոսյանը մարզում նաև ՃՈ պետի պարտականություններն է կատարում: Արդյունքում, մարզպետն այնքան է կտրվել իրականությունից, որ իր մարզում բողոքի ցույցերի ցրմամբ զբաղվում է Սասուն Միքայելյանը, ով փաստորեն շատ ավելի մեծ հեղինակություն ունի մարզում, քան այդ մարզի ղեկավարը: Արդյո՞ք սա ահազանգ չէ Սանոսյանի համար…