«Արմոս» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի՝ իրենց գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջով: Այս մասին LՈՒՐԵՐ․com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Ընկերության կեղմից հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել պատգամավորի կողմից հունիսի 19-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում արված հայտարարությունը, թե իրեն են դիմել «Արմոս» կոշիկի ձեռնարկության աշխատակիցները և հայտնել, որ ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձը․ «Բողոքող քաղաքացիների դեմ ընկերությունը սպառնալիքներ է հնչեցրել՝ ասելով, թե այլ տեղում աշխատանք չեն կարող գտնել»,–դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ հայտարարել էր պատգամավորը։

Նշենք, որ հայցադիմումը դատարան է ներկայացվել հուլիսի 4-ին, գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանին: