Բոլորին էլ հուզում է այն հարցը, թե իրականում որքան ներդրում է կատարվել հետհեղափոխական Հայաստանում: Անգամ անզեն աչքով էլ հասկանալի է, որ խոստացված ներդրումային բումը պայթող ռումբի էֆֆեկտ չի ունեցել, և դեռևս հարց է՝ եղե՞լ է այդ բումը, թե՞ ոչ: Խոսենք թվերով՝ 2018-ին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է շուրջ 2 անգամ և կազմել $811,2 մլն՝ 2017-ի $400,3 մլն-ի դիմաց: Թվերը փաստում են, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն աճել է 1,8%-ով և կազմել $254,3 մլն, պորտֆելային ներդրումների մեծությունը կրճատվել 29,4%-ով, այլ ներդրումները՝ աճել 2,8 անգամ: Պատկերն առավել հետաքրքրական է, երբ դիտարկում ենք օտարերկրյա ներդրումների ծավալները զուտ հոսքերի տեսանկյունից, որը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են:
Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումների զուտ հոսքերը 2018-ին կրճատվել են շուրջ 63%-ով՝ կազմելով 27,6 մլրդ դրամ: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ առաջատարը Ջերսին է։ Վերջինիս կողմից ներդրումներն ուղղվել են հանքագործական արդյունաբերության հարակից գործունեությանը, որը նախորդ տարվա նկատմամբ կրճատվել է շուրջ 5 անգամ:
Ներդրումներն այս երկրից կատարել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, և այս նվազումը մեծամասամբ պայմանավորված է Ամուլսարի ծրագրի փաստացի դադարեցմամբ։ Գերմանիայի դեպքում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը գլխավորապես ուղղվել են հանքարդյունաբերությանը և հիմնային մետաղների արտադրության ոլորտին, և հաշվետու ժամանակահատվածում դրանք մեծություն ունեն՝ -30.92 մլրդ դրամ (ավելի շատ մարում է եղել, քան ստացում)։ Հատկանշական է, որ Վիճակագրական կոմիտեի ցանկում ներառված են երեք տասնյակից ավելի երկրներ, որոնց ավելի քան 50%-ի դեպքում արձանագրվել է ներդրումային զուտ հոսքերի բացասական ցուցանիշ՝ մարումները գերազանցելով ստացումներին։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա առաջին եռամսյակում աճել են օտարերկրյա ներդրումները` 32.2 մլրդ դրամից դառնալով 47.3 մլրդ դրամ: Բայց մյուս կողմից ուղղակի ներդրումները նվազել են. եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում իրականացված ուղղակի ներդրումները 40.7 մլրդ դրամ են կազմել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 3.7 մլրդ դրամ է կազմել:
Այս ամիս երկու կենտրոն Oxford Analiytics-ն ու Fitch-ը ուշագրավ կանխատեսումներ են արել: Առաջինը գրել է, որ Հայաստանում քաղաքական ռիսկը բարձր է, և ներդրումների համար կորուստների հավանականությունը՝ մեծ, իսկ Fitch-ը կանխատեսել է ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազում ոչ միայն այս, այլև հաջորդ տարի: Միակ բանը, որ կարող է դրականորեն ազդել այս բացասական կանխատեսման վրա, Ամուլսարի շինարարության վերսկսումն է՝ ըստ Fitch-ի կանխատեսման: Իսկ սա նշանակում է, որ որևէ այլ լուրջ ներդրում ապագայում չի կանխատեսվում: