Քիչ առաջ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տավարացյանի հրաժարականի, ԲԴԽ-ում նրա նկատմամբ ճնշման վերաբերյալ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց փաստաբան Արամազդ Կիվիրյանի հետ։ Վերջինս իր խոսքում շեշտեց, որ չի կարող հստակ ասել՝ արդյոք ճնշում եղել է, թե ոչ, սակայն ԲԴԽ նիստի ընթացքում Տավարացյանը ասել է, թե մթնոլորտի հետ կապված խնդիր է եղել ժամանակին, երբ ինքը չի տվել երդում։

«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ես կարծում եմ, որ պատճառը կարող է լինել հենց այդ մթնոլորտը, որը վերջինս որակում է որպես տհաճ մթնոլորտ։ Մյուս բոլոր հարցերի պատասխանները կարող է տալ միայն տիկին Տավարացյանը»,- ասաց իրավաբանը։

Հարցին, թե արդյոք սա կարող է լինել Տավարացյանի քաղաքականությունը՝ ապացուցել, որ իր լիազորությունները չեն կարող դադարեցնել և ինքնակամ հեռանալ, իրավաբանը պատասխանեց․

«Հնարավոր է, ինչու` ոչ։ Միգուցե՞ Տավարացյանը ի ցույց դրեց՝ իրավական հարթությամբ դուք չեք կարող դադարեցնել իմ լիազորությունները, բայց քանի որ հարցը բարձրացվել է նաև հասարակության կողմից, քննարկումների առարկա է դարձել, ապա ես ինքս կհեռանամ։ Ամեն դեպքում մերժվել է իր լիազորությունները դադարեցնելու պահանջը»։

Իրավաբանը նշեց, որ ԲԴԽ-ում չի զգացել անձնավորված մոտեցում, խնդիրը իրավական դաշտում էր և վերաբերում էր Տավարացյանի անդամության, անդամության սկիզբը հաշվելուն և այլն։ Սակայն, Կիվիրյանը կարծում է, որ, այնուամենայնիվ, ներքին խմորումներ են տեղի ունենում, քանի որ դատական համակարգում մշտապես դրանք կան, իսկ վերջին շրջանում առավել շատ, քան՝ նախկինում։ Չհանդիսանալով ԲԴԽ անդամ` Կիվիրյանը ասաց, որ չի կարող ներկայացնել այդ համակարգում։

«Չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ ինչու էր այդ ամբողջ «բեմադրությունը», եթե Դուք հրաժարականի դիմում էիք ներկայացնելու։ Տարբեր կարծիքներ կարող են առաջանալ։ Սակայն ես կարծում եմ, որ կար իրավական որոշակի խնդիր և այդ խնդրից ձերբազատվելու համար դիմեց այս քայլին, որպեսզի հետագայում այդ խնդրով՝ իր ԲԴԽ անդամ լինելու հանգամանքը մատնացույց չարվի»,- եզրափակեց պատգամավորը։