Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վերջերս սպառնում էր Վանաձորը վերադարձնել վանաձորցիներին: Այդ սուրբ գործը գլուխ բերելու ճանապարհին մարզպետը սակայն դժվարությունների է հանդիպում՝ ի դեմս Վանաձորի համայնքապետարանի: Ղուկասյանը խիստ բացասական է գնահատել վերջիններիս պասիվ, կրավորական կեցվածք ընդունելը, այն դեպքում, երբ օտարված հողատարածքների թվում կան նաև հանրային նշանակություն ունեցող ու տասնամյակներով հանրությանը ծառայած տարածքներ, ասել է թե՝ համայնքապետարանը խոչընդոտում է վերոնշյալ հողատարածքների վերադարձը: Ինչ վերաբերվում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ապա վերջինս չի կարծում, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի դժգոհությունը՝ կապված նաև որոշ համայնքապետերի հետ, վերաբերում է նաև իրեն:
 
 
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Լոռու մարզպետարանը նախկին ռեժիմի պես համայնքապետարանների վրա ճնշումներ է գործադրում, և մարզպետարանը ավել լծակ է իշխանության ձեռքին, որով կառավարում և իրենց են ենթարկում տեղական ինքնակառավարման մարմիններին: Մամուլում անգամ տեղեկատվություն տարածվեց, որ ընդհուպ մինչև Վանաձորում Համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի նշանակման համար միջնորդում է Լոռու մարզպետը՝ հորդորելով, որ իր թեկնածուին նշանակեն, որը ուղղակիորեն միջամտություն է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին: Սա ի դեպ առաջին դեպքը չէ. ապրիլին էլ մարզպետը փորձում էր Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն նշանակել իր իր դասընկերուհուն՝ Կարինե Մարգարյանին: Ինչպես երևում է, Վանաձորում մարզպետի գործերը չեն հաջողում, և վերջինս որոշել է համայնքի ղեկավարների վրա այսպես ճնշում գործադրել՝ ձեռի հետ էլ հիշատակելով նախկինների ապօրինությունները, սակայն, չգիտես ինչու, միայն հիաշատակելով. իրականում սայլը տեղից չի շարժվում…