«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ վերջերս կատարած գրառումը, որտեղ վերջինս անհարգալից ու ոչ կոռեկտ էր արտահայտվել շոուբիզնեսի ներկայացուցիչների մասին՝ «առանց ավելորդ թպրտալու  կգնաք ու հարկերը կվճարեք»՝ դեռ շարունակում է հարուցել շոուբիզնեսի ներկայացուցիչների զայրույթը:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց երգչուհի Լուսինե Պողոսյանի հետ:

-Պատգամավոր Արեն Մկրտչյանը շոու բիզնեսի ներկայացուցիչներին հորդորում էր «առանց ավելորդ թպրտալու տանել ու հարկերը մուծել»: Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր մասնագիտական համայնքի նկատմամբ նման արտահայտվելաձևին:

-Բնականաբար, շոուբիզնեսի ներկայացուցիչներից շատերի կարծիքն է բացասական այդ գրառման նկատմամբ,  այդ գրառումը խոսում է ներկայիս կառավարության անգրագիտության ու անփորձության մասին, ավելի լավ կլինի այս թեմայով չխոսեմ, քանի որ դաստիարակությունս թույլ չի տալիս վիրավորական արտահայտություններով ձևակերպել մտածածս:

-Շոու բիզնեսյան ներկայացուցիչներ եղան, ովքեր պատգամավորից ներողություն պահանջեցին: Դուք կմիանա՞ք նրանց:

-Ես իմ կոլեգաների կողքին եմ և բնականաբար նրանց հետ եմ լինելու: Տեղյակ եմ իմ շատ մտերիմ գործընկեր՝ Սամվել Գրիգորյանի պահանջի մասին, որ հրապարակավ ներողություն է պահանջել տվյալ պատգամավորից, բայց ինձ համար դա այդքան էլ էական նշանակություն չունի, քանի որ այդ պատգամավորին լուրջ չեմ վերաբերվում, հետևաբար ինձ նրա ներողությունը չի հետաքրքրում:

-Ի՞նչ եք կարծում, այդպիսի գրառման դրդապատճառը ո՞րն է:

-Ներողություն եմ խնդրում, բայց պետք է ասեմ՝ «աբիժնիկ» է: Իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ են, որոնք նստած են Ազգային ժողովում, նրանցից ամեն ինչ սպասելի է: Ես  ուղղակի ատում եմ այս կառավարությանը:

-Լուսինե, խնդիրն այն է, որ երգիչ երգչուհիները ևս պետք է հարկեր վճարեն, որպեսզի սոցիալական արդարությունը վերականգնվի:

-Ես  արդեն 10 տարի է, ինչ գրանցված աշխատում եմ ակումբային համակարգում և միշտ վճարում եմ հարկերը: Հետևաբար գրառումը, որը հասցեագրված է շոուբիզնեսի ներկայացուցիչներին, մեղմ ասած, ճիշտ չէ և անընդունելի է, այն մարդկանց նկատմամբ, ովքեր ազգ են ներկայանցնում, տարբեր երկրներում մշակույթ են ներկայացնում: Կարծում եմ՝ ներկայիս կառավարությունը պետք է հետևողական լիներ և չպետք է թույլ տար նման անհարիր արարք ու անընդունելի վերաբերմունք, ինչը չի եղել նախորդ կառավարության օրոք, որոնց ես հարգել և  հարգում եմ:
Միակ բանը, որ ես ցանկանում եմ այն է, որ մեկս մյուսիս սատարենք և մեր երկիրը փրկենք նման աղետալի և կործանում  տանող վիճակից: 

Հիշեցնեք, որ հուլիսի 9-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել շոուբիզնեսի ներկայացուցիչների հարկ չվճարելու  թեմայով, որը ստորև ներկայացնում ենք: