Հեղափոխության օրերին և վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ մեկ տարվա ընթացքում բյուջե է վերադարձնելու 800 միլիոն թալանված գումար: Իշխանության եկած քաղաքական ուժի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, նախորդներին մեղադրում էին 20 տարի շարունակ հանրությանը կեղեքելու և թալանելու մեջ: Փաստն այն է, որ անցել է գրեթե մեկ ու կես տարի, սակայն բյուջե է վերադարձվել ընդամենը 66-67 միլիոն դոլարի համարժեք գումար, այն էլ այդ գումարի մեծ մասը ստվերից դուրս բերված, ռեկետի արդյունքում հավաքագրված գումարներն են, որոնք դժվար է անվանել 20 տարվա թալանի վերադարձ:
Մի բան միանշանակ է, որ դա այն գումարը չէ, որը կարող է ինչ-որ կերպ թեթևացնել երկրի ֆինանսական բեռն ու սոցիալական վիճակը։ Վկայություններից մեկն էլ բոլորի աչքի առաջ է. իշխանափոխությանը հաջորդած մեկ տարում կառավարությանը չի հաջողվել որևէ լուրջ սոցիալական խնդիր լուծել երկրում` անգամ նվազագույն աշխատավարձի կամ կենսաթոշակների բարձրացման տեսքով։ Բնականաբար, անիմաստ է նույնիսկ խոսել դրա հաշվին պետական պարտքի մարման մասին։ Հարց է առաջանում. ո՞ւր է թալանը, ո՞ւր է խոստացված 800 միլիոնը այն պարագայում, երբ հանրությանը աղմկոտ բացահայտումներ էին խոստանում: Կարծես թե ֆիլմը ավարտվել է, տեսարաններն էլ ևս: Հանրությանն էլ մնում է երկու տարբերակ քննարկել:
Առաջինը, որ 20 տարի թալանածն ու կեղեքածն այնքան էլ սարսափելի ծավալների չէր հասնում, ինչպես փորձում էին և փորձում են ներկայացնել նոր իշխանությունները, կամ էլ այդ գումարը վերադարձվում է, սակայն ոչ պետական բյուջե: Ժամանակին Փաշինյանը հիշատակում էր ճամպրուկներով Բաղրամյան տարվող միլիոնների մասին, գուցե այդ պրակտիկան շարունակվում է նաև այսօր, հատկապես, որ Փաշինյանը նման հայտարարությունը իրականում ոչ այլ ինչ էր, քան հողորդում հանցագործության մասին, որին, ինչպես տեսնում ենք, իրավապահ մարմինների կողմից այդպես էլ ընթացք չի տրվել…